imageGalaTV.am-ը գրում է.

«Ռուսաստանի բնակչության թիվը ենթադրաբար մեկ սերունդ հետո գրեթե կրկնակի կնվազի, քանի որ տնտեսական անկման ֆոնին նվազում է ծնելիության մակարդակը, իսկ ինքնասպանության եւ ալկոհոլիզմի պատճառով աճում է մահացության ցուցանիշը»,-գրում է Մարկ Բենեթսը բրիտանական The Times պարբերականում:

«2050 թվականին Ռուսաստանի բնակչությունը կարող է կրճատվել 143,5 միլիոնից մինչեւ 80 միլիոն, եթե կառավարությունը հրատապ միջոցներ չձեռնարկի»,- կարծում է Յուրի Կրուպնովը, ով ղեկավարում է ժողովրդագրության, միգրացիայի եւ տարածաշրջանային զարգացման ինստիտուտը: «Ցածր աշխատավարձերը, նույնիսկ Մոսկվայից ոչ հեռու գտնվող տարածաշրջաններում եւ համատարած հոռետեսությունն ապագայի հանդեպ հանգեցնում են նրան, որ երիտասարդները չեն ցանկանում ընտանիք կազմել: Միջին աշխատավարձը Կոստրոմայում կազմում է 20 հազար ռուբլի… եւ ի՞նչ անի տղամարդն այդ աշխատավարձով»,-նշել է փորձագետը:

Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մահացության ցուցանիշն աճել է 5,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Զգալիորեն աճել է մահացության թիվը 30-ից 45 տարեկան հասակում: Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան կարծում է, որ այդ դեպքերի մեծամասնության պատճառն ալկոհոլիզմն է: «Սարսափելին այն է, որ մահացածների հերձման ընթացքում 70% դեպքերում արյան մեջ հայտնաբերվում է ալկոհոլ»,- հայտնել է նա: Բացի այդ, նրա խոսքերով, մինչեւ մեկ տարեկանների մանկական մահացության 40%-ը պայմանավորված է նրանով, որ հարբած մայրերը ճզմում են երեխաներին քնած ժամանակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Ռուսաստանում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 63 տարին է: Սա մեկ տարով պակաս է, քան Ռուանդայում: Ռուսաստանցի կանայք կարող են ակնկալել 12 տարի ավելի երկար ապրել, քան տղամարդիկ: Սեռերի միջեւ նման տարբերությունը կյանքի ակնկալվող տեւողությունում նկատվում է միայն Բելառուսում եւ պատերազմական Սիրիայում:

Սկվորցովան հարբեցողությունը նաեւ կապում է ինքնասպանությունների թվի անսպասելի աճի հետ: Սիբիրի որոշ հատվածներում 100.000 բնակչից 60-ն ինքնասպանություն է գործում: Սա երեք անգամ ավելի բարձր է այն մակարդակից, որն ԱՀԿ-ն ծայրահեղ է համարում: Երկրին բնորոշ է նաեւ դեռահասների շրջանում ինքնասպանության ամենաբարձր ցուցանիշը:

«Նավթի համաշխարհային գների անկումը եւ Ուկրաինայում Կրեմլի գործողություններով պայմանավորված արեւմտյան կոշտ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը մղեցին անկման: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 23 մլն. ռուսաստանցի՝ երեք միլիոնով ավելի, քան նախորդ տարի, ապրում է աղքատության շեմից ներքեւ, այսինքն՝ ամսական 100 ֆունտից պակաս գումարով: Իսկ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը փորձում է նրանց հոգեւոր մխիթարություն առաջարկել: Պատրիարք Կիրիլը, ով մի անգամ լուսանկարվել էր դաստակին 19 հզր. ֆունտ արժողությամբ «Բրեգետ»-ով, կոչ է արել ռուսաստանցիներին կենտրոնանալ հոգեւոր հարստության վրա, այլ ոչ թե նյութական բարեկեցության»,-գրում է The Times-ի հոդվածագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել