Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 MS 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզական համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Դեպքի վայր է ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:
Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը: Վիրավորներից 1-ին քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից, երկուսին՝ հրշեջները, իսկ մյուսին էլ՝ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և մահացածի ինքնությունը:



