ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անօրինական միգրացիոն ճգնաժամում ներքաշված երկրներին՝ ընդլայնել հնարավորությունները փախստականների ընդունման համար, հարցին մոտենալ մարդկայնորեն և կարեկցանքով։ Պան Գի Մունը այս հարցը կբարձրացնի սեպտեմբերի 30-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը, հայտնում է RIA Novosti-ն։
«Կրկնվող ողբերգությունները վկայում են ներգաղթյալների փոխադրմամբ զբաղվող մարդկանց դաժանության մասին, որոնց գործունեությունը տարածվում է Անդամանյան ծովից մինչև Միջերկրական ծով և Եվրոպայի ճանապարհներ։ Դա խոսում է նաև մարդկանց հուսահատության մասին, ովքեր պաշտպանություն կամ նոր կյանք են փնտրում»,- հայտարարել է Պան Գի Մունը։ Գլխավոր քարտուղարը հստակեցրել է, որ նրանք հիմնականում փախստականներ են Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից։
Պան Գի Մունն ընդգծել է, որ համաձայն միջազգային իրավունքի՝ ապաստանի տրամադրման հայտ ներկայացրած պետությունները չեն կարող տարբերություն դնել հայտ ներկայացնողի ազգային և կրոնական պատկանելիության միջև։