Գնալով ավելի մեծ պատուհաս են դառնում տարբեր բենզալցակայաններում, գազալցակայաններում ու սուպերմարկետներում գրված խաղային ապարատները: Շուկայի այս ոլորտի առաջատարն էլ «Goodwin» ընկերությունն է:
Իմ խորին համոզմամբ՝ պետք է օրենսդրությամբ արգելել նման ապարատների տեղադրումը կազինոներից դուրս, իսկ կազինոների տեղակայման վայրերը սահմանված են օրենքով, և ըստ իս՝ դա եզակի լավ օրենքներից է:
Խնդրեմ, հերթական երիտասարդն է կախվել այն բանից հետո, երբ գազալցակայանում հերթապահություն իրականացնելիս պարտվել է օրվա ողջ գումարն ապարատին ու ինքնասպանություն է գործել: Ծնողների խոսքով՝ նա արդեն 5 տարի է՝ խաղային կախվածություն է ունեցել: Էս վերջերս էլ հիշում եմ, որ գազալցակայաններից մեկի տերը կարգադրել է հանել իր տարածքից խաղային ապարատները, բայց հետո եկել են Շինանյութի Սերոժի ախռաննիկները, ով հանդիսանում է այդ ապարատների բիզնեսի խոշոր սեփականատեր, ու ստիպել են, որպեսզի ապարատները վերստին միացնեն:
Ու պետք չէ հիմարություններ դուրս տալ ու ասել, որ ոչ ոք ոչ մեկին չի ստիպում մոտենալ ու խաղալ այդ ապարատներով: Նույն տրամաբանությամբ կարելի է օրինականացնել թմրանյութերի վաճառքն ու ասել, որ ոչ ոք ոչ մեկին չի ստիպում թմրանյութեր գնել, պարզապես բառիգն անցնում ա, ու իրեն մոտենում են: Այս ապարատները, բացի իրենց սեփականատերերից, ոչ մեկին երջանկություն ու օգուտ չեն բերում ու ըստ էության կատարում են նույն գործառույթը, ինչ խաղատները: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է դրանց պարագայում չգործեն օրենսդրական այն կարգավորումները, որոնք գործում են խաղատների համար:
Ղումարբազության դեմ մենք փաստորեն ոչ միայն չենք պայքարում, այլև խրախուսում ենք, ու որքան էլ պարադոքսալ հնչի, բայց անհավասար մրցակցության պայմաններ ենք ստեղծում նույն կազինոների համեմատ: Կոչ եմ անում պատգամավորներին, որպեսզի ինչ-որ մեկը գոնե ուշադրություն դարձնի այս հարցի վրա ու ձեռնամուխ լինի մեր խեղճ ու միամիտ քաղաքացիներին այս պատուհասից հնարավորինս մեկուսացնելուն:
Նման կազինոյակերպ ապարատներով էլ մարդանց դժբախտության հաշվին գումար աշխատողների համար էլ թող այդ փողը հարամ լինի, ու չվայելեն: