Կա Հայաստան, ում բոլորս անխտիր ցանկանում ենք «փրկել», և Հայաստան, որն ինքն է փրկության ձեռք մեկնում իրեն «փրկել» ցանկացողներին՝ որպես «ներքին ձայն» յուրաքանչյուրիս հորդորելով, որ այսպես ապրել այլևս չի կարելի…
Կա Հայաստան, ում բոլորս ամեն գնով փափագում ենք դարձնել իրենց քաղաքակիրթ անվանող երկրների նման բարգավաճ, բարեկեցիկ, հարուստ ու եվրոինտեգրված, և Հայաստան, ով զգուշացնում է այդ ճանապարհի սխալականության մասին, ով մեզ հորդորում է հնարավորինս ինքնաբավ լինել, «ոտքներս մեր ունեցած վերմակի չափով մեկնել», ուրիշներին չկապկել և որպես Հայ Մարդ՝ ներդաշնակության մեջ ապրել ու ապրեցնել մեր զավակներին:
Կա Հայաստան, ում լճերն ու գետերը, ընդերքն ու բնությունը, նրա ողջ ունեցած-չունեցածն ով հասնի բզկտել, մաս-մաս անելով ցանկապատել ու իրենով է արել, և Հայաստան, ով կարծում է, որ իր զավակները «խելքի կգան» ու իրենք իրենց ընկալելով որպես երկրից անբաժան ու անխզելի՝ երկիրը կհամարեն ոչ որպես պարզ բնակատեղի ու միայն ալան-թալանի միջոցով ապրուստ հայթայթելու վայր, այլ այն կընդունեն որպես իրենց գոյությունն իմաստավորող, իրենց ուժ ու զորություն պարգևող մի միջավայր ու անսահման սեր ու հոգածություն կցուցաբերեն նրա նկատմամբ:
Կա Հայաստան, ում կառավարման համակարգերում ընդգրկված յուրաքանչյուր ոք, ի վիճակի չլինելով որևէ ռացիոնալ գործողության, զբաղված է միայն իր «բիզնես տարածքների» ընդլայնումով, իր բալիկների ականջներից բռնած իշխանական աստիճաններով «վեր» քարշ տալով, միայն ինքնապահպանման, զուտ ինքնավերարտադրման խնդիրներ լուծելով, և Հայաստան, ով երազում է, որ իր սիրասուն որդիները վերջապես կգտնեն միջոցը և երկրում կհաստատեն ճշմարիտ ազգային գաղափարների վրա հենված, «իր ընդոծին բնակիչների» էությունից բխող և նրանց սեփական ինքնությանը համապասասխանող կյանքով ապրելու համար լավագույն պայմանները, քանզի միայն այս պարագայում է, որ հանրության յուրաքանչյուր անդամ կարող է լավագույնս ինքնադրսևորվել, առավելագույն օգուտ բերել ընդհանուր գործին և անկախ իր գրաված հասարակական դիրքից և ունեցած սոցիալական վիճակից՝ հոգեպես բավարարված ու երջանիկ կզգա իրեն՝ գիտակցելով իր գործունեության, իր գոյության կարևորությունը:
Կա Հայաստան, որ… Համեմատությունների այս շարքն անվերջ կարելի է շարունակել, սակայն ի՞նչ օգուտ: Այսօր այս ամենն արդեն ոչ ոքի չի հետաքրքրում:
Այս երկու Հայաստաններից առաջինը Հայաստան պետությունն է, երկրորդը` Հայաստան Հայրենիքը: Ճշմարիտ համակարգն այն է, երբ այս երկուսը մեկտեղված են, միաբան են, մեկը մյուսի օրգանական շարունակությունն է, մյուսի լրացնողն ու զարգացնողը: Ճշմարիտ մոտեցման պարագայում այս երկուսը գտնվում են կատարյալ ներդաշնակության վիճակում, հավերժ միասին են: Այս երկուսը նույնի արտահայտություններն են տարբեր, մեկը՝ ոգեղեն, մյուսը՝ ֆիզիկական հարթություններում:
Քսան տարուց ավելի մենք պետություն ենք կառուցում, որտեղ Արարչաստեղծ մարդուն վայել, Հայաստան-Հայրենիքի բնակչին համապատասխանող բոլոր հատկանիշները մոռացության են մատնված ու արհամարհված են: Հակառակը, առաջ են մղված խոսքով մերժելի, սակայն մարդկանց, հատկապես երիտասարդության, մատաղ սերնդի մեջ ընչաքաղցության հատկանիշներ սերմանող ու փարիսեցիական բնավորության գծեր դաստիարակող, մարդուն Մարդ վիճակից առ կենդանի վիճակն ուղղորդող, նրան ամեն ինչի նկատմամբ անբացատրելի ագրեսիվության մղող գաղափարներ: Արդյունքում, այսօրվա մարդը, մոռացության մատնելով ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարը, առաջնայնացրել է պետություն հասկացությունը: Այսպիսով, մենք Հոգևոր Հայրենիքի սպառման ու կորստյան հաշվին ինչ-որ անհասկանալի պարամետրերով պետություն ենք շինում, նրա համար անվերջ սահմանադություններ ենք կատարելագործում ու օրենքներ ենք բազմացնում, մեզ հաշիվ չտալով անգամ, որ այդ պետությունը որևէ առնչություն չունի մեր Ազգային Էության, մեր սեփական ինքնության հետ…
Այս Հայաստան պետություն կոչվածը նպաստում է Հայ տեսակի վերացմանը: