Լրագրող

Մի քանի ամիս առաջ արտասահմանցի բարեկամիս հետ, որը հյուր էր մեր տանը եւ խիստ հազում էր, բժշկի գնացինք: Բժիշկը բարեկամիս թեթեւակի ստուգելուց հետո մտահոգված հայացքով ու տոնով ասաց, թե նա անմիջապես պիտի պարկի ու իր հսկողության տակ ընդունի բուժման կուրսեր, հակառակ դեպքում բարեկամիս առողջությանը լուրջ վտանգ կսպառնա:

Պատուհանները փակ սենյակում բժիշկն, իր պապիրոսից  քուլա-քուլա ծուխ արձակելով, մեր երեսին ավելացրեց. «Գիտե՞ք ինչ, անգամ մի գրամ ծուխը  կարող է ձեր բարեկամի թոքերը շարքից հանել»:

Իսկ բարեկամիս այդպիսի մեծ աղետից փրկելու գինը, ըստ բժշկի մենյուի եւ ախորժակի, կազմում էր չորս հարյուր հազար դրամ:

Բժիշկը հեքիաթի միջի աղվեսի պես հարիֆ պարսկահայ ու անլեզու բերան արտասահմանցի աքլորներ էր կպցրել, բայց ցավոք նա չգիտեր մի տասը տարի Հայաստանում ապրելով ու հակահարիֆյան վարժանքներ անելով՝ հարիֆ աքլորները սովորում են ինչպես ծուղրուղու կանչել այդ դեպքերում հետեւյալ բովանդակութամբ. «Պարոն բժիշկ, դուք ավելի լավ կանեք ձեր պապիրոսը հանգցնեք ու թազա հարիֆ գտնեք ձեր ամանորյա սեղանը խոզի բուդով զարդարելու ծախսերի համար, քանի որ ձեր դիմացի նստած հարիֆը մի քանի տարի է, ինչ կոփվել է եւ դուրս եկել հարիֆների շարքերից»:

Բարեկամս, անշուշտ, բուժվեց մի երկու դեղով, որը բժշկի մոտից դուրս գալով գնեցինք դեղատնից:

Նման իրավիճակներին ծանոթ են շատ-շատերը՝ հատկապես հարիֆ սփյուռքահայերը:  

Ակամայից հիշեցի մի քանի տարի առաջվա դեպքը, երբ երիկամներիս ցավի պատճառով ինձ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին: Երկու շաբաթ անիմաստ տեղը սրկսվելուց ու հիվանդանոցի ապուրներն ուտելուց հետո ընկերոջս օգնությամբ հիվանդանոցից մի կերպ փախա, հակառակ դեպքում մուննաթը երեսին բուժքույրը շարունակելու էր ծակծկել հետույքս՝ հույս ունենալով, որ ուշ թե շուտ քցիպ սփյուռքահայի թաքնված փողերն ի հայտ կգան:

Ինչեւէ, քանի դեռ այսպիսի բժիշկներ ու հիվանդանոցներ գոյություն ունեն, որոնց համար կարեւորը ոչ թե մարդն է ու նրա առողջությունը, այլ նրա գրպանի պարունակությունն ու դրան տիրելու մեթոդների յուրացումը, ինչպե՞ս կարելի է բողոքել շինարարից, որի կիսակառույց շինությունը  փլվում է մարդկանց գլխներին, վաճառողի մուննաթով սպասարկումից, տաքսու ծխող վարորդից, որը սոխ ու սխտորի բուրմունքով համեմված մեքենայով ուղեւոր է տեղափոխում, քաղաքացիների իրավունքները ոտնահարողներից, առավոտից գիշեր վարորդներից փող մուրող ոստիկաններից, երգիչների անկապ երգերից ու կլկլոցներից, հաղորդավարների տափակ ելույթներից ու հումորներից, հիմար սերիալների հիմար սցենարներից, էժանագին թատրոններից, որ ներկայացումը վերածել են ամանորյա հեռուստաշոուների, բիզնեսմեն հոգեւորականից, որի համար մարդկանց հավատքը ծառայում է որպես կապիտալ, եւ պաշտոնյաներից, որոնք ծառայում են ոչ թե մարդկանց, քաղաքացիներին ու իրենց հայրենակիցներին, այլ իրենց ընտանիքներին ու գերդաստաններին....

Եւ այս ամենը կատարվում է մի երկրում, որը հպարտանում է, թե աշխարհի առաջին քրիստոնյա ազգն է, եւ որի զավակները պարտավոր են ամենաշատը կիրառել գոնե «Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ» պատվիրանը: Բայց հազար յոթ հարյուր տարի հետո քրիստոնյա ազգի զավակներին կուրացրել է շուկայական հարաբերություններից ձեռք բերած երեսուն արծաթի փայլը, որի դիմաց մատնում են ոչ միայն քրիստոնեական, այլեւ մարդկային արժեքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել