1859թ.-ին Հայ ազատագրական պայքարի մեծանուն գաղափարախոսներից Միքայել Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը» հայտնի ստեղծագործությունը, որի բառերը հիմք էին հանդիսանալու Հայաստանի Երրորդ Հանրապետության Օրհներգի համար: Երբ կարդում ես 19-րդ դարի կեսերին Դոնի Ռոստովում բնակվող Նալբանդյանի ստեղծագործությունները, հասկանում ես, որ հայ ազգայնականության մտավորական հատվածին կրծում էր ծվատված Հայրենիքի միտքը, հանգիստ չէր տալիս ռուսական ու թուրքական գաղութատիրական լծի տակ գոյատևող հայ ժողովրդի ազատագրության հիմնահարցը: 

Մեծ մտավորական Նալբանդյանը փորձեց ազատության համար պայքարող այլ ժողովուրդների օրինակը հրամցնել հայ ժողովրդին: «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործությունը ավստրիական Հաբսբուրգների լծից Իտալիայի ազատագրման համար պայքարող գեներալ Ջուզեպպե Գարիբալդիի շարժման մասին է՝ ներկայացված քույր ու եղբոր երկխոսության բանաստեղծական ոճով: 

19-րդ դարի կեսերին սա էր իտալացի կնոջ կերպարը.

«Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա՛, թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր»:

«Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին»:

Այսպես էր փորձում ոգեշնչել Նալբանդյանը հայ օրիորդ-տիկնանց՝ մեր լեզվով ասած՝ մեսիջ տալով, որ հայ տղամարդը ազատության դրոշ կվերցնի, եթե կանայք ոգեշնչեն նրանց.

Ասաց․ տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
Ուր երեք գույն կան որոշ:

Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

- Քույրի՜կ,- գանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի՛ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:

Իսկ վերջում Նալբանդյանը եզրահանգում է.

Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք․․․ ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ․․․ արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛․․․ թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:

Միայն 20-րդ դարի վերջում Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Դուշման Վարդանը, Արթուր Մկրտչյանը, Շահեն Մեղրյանը, Վազգեն Սարգսյանը, Մովսես Գեորգիսյանը և ազատության համար դրոշ պարզած շատ այլ հայորդիներ ապացուցեցին, որ Միքայել Նալբանդյանի գործը շարունակողներ կան, որ «թշվառ չէ Հայաստանն», ապացուցեցին, որ քաղաքական կուսակցություններն ու շահն անցողիկ են, Հայրենիքն ու ազատությունը՝ հարատև…

Կարծում եմ՝ մեզ միավորող ամենամեծ արժեքը սա է. 45.000 ք/կմ հայկական իրականությունը՝ Հայաստանը, թշվառ չէ՝ պատրաստ փշրելու ցանկացած ագրեսորի ատամները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել