Կուզեի ծնվել ես միջնադարում,

Մի իտալական հեռավոր գյուղում,

Լինեի գեղջուկ մի երիտասարդ՝

Ապրուստով՝ աղքատ, բնությամբ՝ հպարտ,

Ո՛չ մի հզորի վիզ չթեքեի,

Լոկ Աստծո առաջ հոգիս խնկեի,

Լինեի ազատ անսահմանորեն,

Թույլ չտայի, որ վիզս ոլորեն,

Թեկուզ լինեի անուս տավարած՝

Ապրեի ինքս ինձնից անհալած,

Եղեգն կտրեի, շինեի շվի,

Երգս էլ ազնիվ լիներ հիրավի,

Լինեի դարբին՝ անտաշ ու բռի,

Եվ ամբողջ կյանքում զենք չկռեի,

Ծնվեի՝ որպես ռամիկ շինական՝

Մտքերով անսուտ և ազատական,

Մարդկանց անսասան ես հավատայի,

Քաղցածին վերջին պատառս տայի,

Ինքս էլ մեկ-մեկ սոված մնայի, 

Մի պատառ հացի հետքով գնայի,

Լինեի ջրկիր, կամ տավիղահար,

Անզուսպ ու անհույս, անճար սիրահար,

Գիր ու գիտություն չճանաչեի,

Անգիտությունից իմ չամաչեի,

Երեկոներին, խրճիթիս շեմքին,

Երկինք պարզեի իմ պարզկա հոգին,

Եվ կամ ջաղացպան՝ ալյուր աղայի,

Թվաբանության ճամփին կաղայի,

Ու խաբեին ինձ՝ ով կկամենար,

Աչքս տեսածով միայն հագենար,

Թող շատ միամիտ, հիմար լինեի,

Տունս ավազի վրա շինեի,

Լուրջ ընդունեի ամեն մի սրբի,

Եվ խենթ սիրեի հոռացած լրբի,

Կամ ամբողջ կյանքում լինեի քարտաշ,

Շունչ հաղորդեի քարերին անտաշ,

Լինեի զինվոր՝ դառնայի գերի,

Լինեի խելքից խախուտ ու թերի...

 

Ամե՛ն, ամե՛ն ինչ կուզեի լինել՝

Միայն այս անգութ դարում չլինել...

Չապրեի միայն այս բիրտ օրերում՝

Ծնվեի հեռու, հեռու դարերում....

 

© Միքայէլ Սարգիս

2007

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել