Medialab.am-ը գրում է.
30-ամյա Արթուրի (անունը փոխված է) նոր աշխատավայրում ոչ ոք չգիտի, որ նա որպես կին է ծնվել։ Իրականում երիտասարդ այս տղամարդու արտաքինում ոչինչ չի հուշում, որ նա նախկինում կին է եղել, թերևս միայն նուրբ ձեռքերը։
«Ես խտրականությունը ինձ վրա շատ չեմ վերցնում, ոչ թե գլուխ եմ գովում, այլ տարբերվում եմ էն մարդկանցից, որ ստրեսների մեջ են ընկնում, որ «ինձ չեն ընդունում, ես վեշերս հավաքում գնում եմ», չէ՛, ստեղ էլ ինձ վատ չեմ զգում, ես ինձ զգում եմ առաջնային աշխատող իմ աշխատանքի վայրում, ճիշտ է՝ ոչ մեկը չգիտի, բայց ոչ թե գաղտնի եմ պահում, այլ կյանքս լրիվ շուռ է եկել, ես Արթուրն եմ, եթե ինչ-որ մեկը իմանա, ես դրանից չեմ նեղվի։ Ուղղակի ես փոխվում եմ անունով, ամեն ինչով, ես էս մարդն եմ կոնկրետ։ Շատ դժվարություններ են եղել, բայց համբերատար տարել եմ, որ հասնեմ էս ստադիային»,- ասում է նա։
Արթուրը երկար տարիներ պայքարել է՝ հարազատներին ու հանրությանն ապացուցելու համար, որ ինքը Արթուրն է, ոչ թե Աննան, ինչպես նշված է նրա անձնագրում. «Մի վայրկյան անգամ չեմ հանձնվել»,- ասում է նա։ Հայաստանյան հասարակության մեծամասնության համար անընդունելի համարվող տրանսգենդեր այս տղամարդը պատմում է, որ դեռ չորս տարեկանից է հասկացել, որ ի ծնե իրեն տրված սեռը չի համապատասխանում իր զգացողություններին։
«Չորս տարեկանից իմ գիտակցությունը էս գիտակցություն էր, սիրահարություններ և այլն..., ընտրած աղջիկ եմ ունեցել մանկապարտեզում»,- պատմում է նա։
Ասում է՝ դա ծնողներին անհանգստացնում էր, բայց մտածում էին, որ կփոխվի.- «Դպրոցում առաջին դասարանից, որ սկսվում է յուբկա հագնել-չհագնելու հարցը, արդեն վախը կար ծնողներիս մեջ, մտածում էին կփոխվի, ստիպելով հագցնելը եղել է մինչև դպրոցի ավարտելը»։
Դպրոցը ավարտելուց հետո էլ որոշ ժամանակ անց՝ Թատերական ինստիտուտի առաջին կուրսում տատի ու բժշկի հորդորով Արթուրը համաձայն էլ շրջազգեստ կրել, աղջկա նման հագնվել, երբ բժիշկը նրան խոստացել է, որ հորմոնալ թերապիայի միջոցով կփորձի «բուժել» նրան։
«Էդ բժիշկը ասաց՝ արի փորձեմ քեզ բուժել, երևի քո մոտ գերակշռում են տղամարդու հորմոնները, արի ավելի լավ է ես քեզ հետադարձ ճանապարհի վրա դնեմ, հակառակ հորմոնալ թերապիա առաջարկեց, ասաց՝ կանացի հորմոնները կգերակշռեն, դու կսկսես հոգեբանորեն փոխվել, ասացի՝ ես չեմ կարծում, որ ինչ-որ դեղորայք կարող է հոգեբանորեն մարդուն փոխի, բայց արի փորձենք, սկսեցի ընդունել էդ հորմոնները։ Ոչ մի երևելի բան տեղի չունեցավ, հագել եմ էդ շորերը, չեմ էլ կարողանում քայլեմ, կուլ եմ տվել էդ ամեն ինչը, նեղվել եմ, ինստիտուտից մարդիկ են եղել, որ ծիծաղել են, մարդ է եղել, որ ասել է՝ հա, լավ ա հագի, հետո կընտելանաս, մարդիկ էլ եղել են, ասել են՝ խնդրում եմ, հանի վրայից, դու դու չես»,- անընդհատ ծխելով պատմում է նա։
Սակայն Արթուրը շեշտում է, որ ինքը թաքուն չի պահել իր ինքնությունը.- «Էնքան էլ փակ չեմ ապրել, մտածել եմ, եթե ես տղայի նման եմ հագնվում, էլ ի՞նչ թաքցնեմ, հո հենց ընենց չեմ հագնում, նույնը ինստիտուտում, ոչ մի բան չեմ թաքցրել, ունեցել եմ շատ ընկերներ, որոնց մեծամասնությունը ավելի շատ գնահատել է մի բացահայտությունը»։
Արթուրն այժմ պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր փուլին՝ սեռափոխությանը, որ Հայաստանում բժիշկները դեռևս ոչ մի անգամ չեն իրականացրել։ Հորմոնալ թերապիային հաջորդող այս վիրահատությունից առաջ (որը հավանաբար տեղի կունենա աշնանը արտերկրում) Արթուրը զբաղվում է իր անվանափոխության հարցերով։
Վերջին մի քանի ամիսները պետական մարմինների հետ անմիջականորեն շփվող երիտասարդը հույս ունի, որ անվանափոխության հարցը դրական լուծում կստանա, քանի որ ըստ օրենքի՝ եթե մարդուն տասը տարուց ավելի դիմում են այլ անունով, քան նշված է նրա անձնագրում, վերջինս իրավունք ունի վերցնել այդ անունը։ Սակայն եթե նույնիսկ այս երիտասարդը ստանա Արթուր անունը, միևնույն է անձնագրում նրա սեռը իգական է նշվելու։
«Անձնագրում սեռս կփոխեն էն ժամանակ, երբ բոլոր ստադիայի վիրահատություններ անեմ, հիմա սեռս չի փոխվում, էնտեղ գրվում է Արթուր, սեռը՝ իգական, ստացվում է աբսուրդ, բայց դա էլ է ինձ հիմա հերիք»։
Այժմ երևանյան սրճարաններից մեկում որպես մատուցող աշխատող Արթուրը ապրում է ուկրաինացի կնոջ և նրա երեխաների հետ, ովքեր իրեն որպես հայր են ընդունում, ասում է՝ անվանափոխությունից հետո կգնան Ուկրաինա։
Երիտասարդը չի սիրում կիրառել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքին բնորոշող տերմինները.- «Ես պիտակավորումներ չեմ սիրել, իմ գիտակցությունը եղել է ստույգ, հաստատակամ, ես լեզբիանկա չեմ, ես գեյ չեմ, ինձ պիտակավորել են տրանսգենդեր, տրանսվիստիտ, ես այդ պիտակավորումները չեմ ընդունում, քանի դեռ Հայաստանում դա որպես վիրավորանք է ընդունվում»,- ասում է նա։
Արթուրի պատմությունը թերևս եզակի է այն առումով, որ նա երկար պայքարից հետո կարողացել է կոտրել հարազատների և շրջապատի կարծրատիպերը։ Շատերը, ինչպես Անահիտը (անունը փոխված է) շատ փակ են ապրում, նա նույնիսկ ընտանիքի անդամներին չի ասել, որ ինքը բիսեքսուալ է։
«Իմ ընտանիքում իմ մասին չգիտեն, թեև իմ ընտանիքը ընդհանրապես հոմոֆոբ չէ, բայց ես համոզված չեմ՝ ինչքան ժամանակ կտևի էդ վիճակը, եթե պատմեմ, պատրաստ չեմ պատմելու նրանց»,- ասում է Անահիտը։
Անահիտն ասում է՝ հասարակությունում վատ են վերաբերում նույնիսկ այն մարդկանց, ովքեր պաշտպանում են ԼԳԲՏ համայնքին.- «Եթե նույնիսկ պաշտպանել եմ նրանց, հիմնական ռեակցիան եղել է՝ խի դու էլ ես դրանցից մեկը, տես չդառնաս դրանցից մեկը»։
ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ համայնքի նկատմամբ խարանը և խտրականությունը շարունակում է կրել համատարած բնույթ։ Խարանի, ատելության խոսքի երևույթները հատկապես վառ են արտահայտվում օնլայն միջավայրում, սոցիալական ցանցերում, երբ ԼԳԲՏ համայնքին վերաբերող ցանկացած տեղեկատվություն Հայաստանում ընկալվում է որպես այլասերում, պիղծ երևույթ, իսկ ատելության, նրանց «վառել, ջարդել, սպանելու» կոչերը մշտական բնույթ են կրում։ Վերջին օրինակը թերևս հունիսի վերջին ԱՄՆ-ի սահմանադրական դատարանի որոշումն էր, որով թույլատրվեցին նույնասեռ զույգերի ամուսնությունները։
«Գոմիկներին կարելի ա ոչ թե ձեռք առնել, այլ խղճալ ... հիվանդ մարդիկ են ... իրանք դասվում են մարդասպանների և շիզոֆրենիկների շարքին ... շուտով մարդասպաններն էլ դուրս կգան միտինգի ու իրանք էլ լեգալ կդառնան ... կատակը մի կողմ` վերևներից միսիա ա դրվել, որ տղերքին գոմիկ սարքեն, աղջկերքին էլ հասցնեն տղամարդու մակարդակին ... տենց ... երկրի վրա շատ են մարդիկ ... պետք ա կեսը ոչնչանան, էդ էլ մի ուղի ա, որ սերունդ չունենան էդ մարդիկ»,- ահա այսպես է արձագանքել ԱՄՆ ՍԴ-ի որոշմանը հայ օգտատերերից մեկը։
«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի (PINK Armenia) 2014 թվականի զեկույցի համաձայն՝ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար:
«Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը: ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում»,- ասված է զեկույցում։
ԼԲԳՏ անձինք շարունակում են ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվել, նրանց նկատմամբ խտրականություն է դրսևորվում աշխատանքի վայրում, բանակում, քրեակատարողական հիմնարկներում, ընտանիքում, լինում են դեպքեր, երբ ընտանիքը տնից հեռացնում է զավակին՝ նրան թողնելով բախտի քմահաճույքին, կամ էլ ավելի բարձր կարգավիճակ են տալիս մյուս՝ հետերոսեքսուալ երեխաներին։
«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը ասում է՝ նման անհանդուրժողականությունը նվազեցնելու, ինչ-որ բան փոխելու համար պետք է վերացնել հասարակության մոտ գիտելիքի պակասը ԼԳԲՏ անձանց վերաբերյալ։
Օրինակ, Հայաստանում շատերը նրանց հոգեկան հիվանդ են համարում, այն պարագայում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վաղուց հանել է նույնասեռականությունը հիվանդությունների ցանկից։ Մինդեռ Հայաստանում նույնասեռական տղաներին զինվորական ծառայությունից ազատում են հոգեկան հիվանդության հիմքով։
ԼԳԲՏ անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները խիստ կարևոր են համարում «Խտրականության դեմ» օրենքի ընդունում, սակայն նաև մտավախություն ունեն, որ կընդունվի ձևական, դեկլարատիվ մի օրենք, ինչպես եղավ «Կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի դեպքում, որի պարագայում էլ շատ մեծ աժիոտաժ էր առաջացրել «գենդեր» տերմինը։
«Մտավախություն կա, որ հերթական լղոզված օրենքն է լինելու, որը ոչ մի կանխարգելիչ գործառույթ չի ունենա։ Հերթական պտիչկան դնելու համար կընդունեն, որ միջազգային դիտարկումներում ասեն, որ արել ենք»,- ասում է Հովսեփյանը՝ նկատելով, որ այս տարի ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ առաջարկներ կային, որ Հայաստանը ընդունի խտրականությունը արգելող օրենք՝ հատկապես շեշտելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։
ԼԳԲՏ համայնքի խնդիրներով զբաղվող մեկ այլ՝ «Նոր սերունդ» ՀԿ-ի բազմազանության խթանման ծրագրերի համակարգող Արման Սահակյանն էլ ասում է, որ պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում մի փոփոխության նախագիծ են մշակում, որով հնարավոր կլինի կարգավորել այն նույնասեռական անձանց խնդիրը, ովքեր չեն խուսափում զինվորական ծառայությունից։
«Պետք է աշխատել օրենքի վրա, որպեսզի պետությունը կարողանա հավելյալ երաշխիքներ տրամադրել այն անձանց պաշտպանության համար, ովքեր ուզում են գնալ բանակ։ Կան նույնասեռական տղաներ, որոնք չեն խուսափում բանակից, բայց վախենում են իրենց կյանքի համար։ Հանրային քննարկումներից պարզ կդառնա, թե ինչ լուծումներ կարող են առաջարկել այս ուղղությամբ»,- ասում է Սահակյանը։
Մեկ այլ նախաձեռնությամբ էլ փորձելու են կարգավորել սեռափոխության հետ կապված խնդիրները։
«Նոր սերունդը» վերջին շրջանում օնլայն հարձակումների և սպառնալիքների թիրախ դարձավ, երբ Գերմիանիայի դեսպանատունը հայտարարեց, որ այս ՀԿ-ի հետ 30 հազար եվրո արժողությամբ ծրագրի պայմանագիր է կնքել, որն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը: «Մի օր Շենգավիթում կընկնեք 30 հազարանոց ավտոյի տակ»՝ սպառնացել են «Նոր սերնդին», ինչի համար ՀԿ-ն դիմել է դատախազություն։
Գերմանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ենթադրում է կացարանի ստեղծում առնվազն 15 անօթևան ԼԳԲՏ անձանց համար, ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն և իրավական օգնություն: Սահակյանն ասում է՝ շուտով կացարանը կգործի, արդեն իսկ ունեն 5 շահառու, որոնք հեռացվել են ընտանիքից, հայտնվել անորոշ վիճակում և սպասում են այս կացարանի բացմանը։
«Քաղաքացիական հասարակության կառույցները բավականին մեծ աշխատանք են իրականացրել և իրականացնում, որպեսզի համայնքի խնդիրներ լուծվեն, բայց կա ևս մեկ խնդիր՝ համայնքի ներկայացուցիչները միշտ փորձում են մնալ ստվերում։ Երբ ի հայտ են գալիս ակնհայտ խտրականության դեպքեր, երբ կոչ ենք անում դիմել դատարան, աջակցել իրենց, որ իրենց իրավունքները վերականգնվեն, միանշանակ հրաժարվում են պատճառաբանելով, որ իրենց սոցիալական կարգավիճակի մասին շատերը կիմանան»,- ասում է Սահակյանը։