Չինաստանի Ազգային բանկի կողմից վարկերի և դեպոզիտների հիմնական դրույքաչափերի նվազեցումն անմիջապես հանգեցրել է հումքի գների աճին, այդ թվում՝ մետաղների: Լոնդոնյան մետաղների բորսայում պղնձի գինը մեկ օրվա ընթացքում հասել է 5.000 դոլարի՝ 1 տոննայի դիմաց, իսկ հետո վերադարձել նախկին մակարդակին: Ալյումինի գինը բարձրացել է 23 դոլարով՝ հասնելով 1.563 դոլարի, ցինկինը՝ 30 դոլարով՝ հասնելով 1.755 դոլարի:
Մետաղների բորսայում տեղի ունեցող այս գործընթացները չեն կարող չանդրադառնալ նաև Հայաստանի վրա, քանի որ մետաղների հումքի գների բարձրացումը կբերի նաև եկամուտների աճի: Հայաստանում պղնձի խտանյութը շարունակում է արտահանման խոշորագույն ապրանքը մնալ, իսկ ալյումինե փայլաթիթեղն ու պղնձի հանքանյութն ընդգրկվել են 2014 թվականի ապրանքների առաջին տասնյակում:
2014 թվականին հանրապետությունը շուրջ 185 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանել՝ 235.9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումից եկամուտը (հիմնականում արտահանվում է ԱՄՆ) կազմել է 88.5 մլն դոլար, իսկ պղնձի հանքանյութից՝ շուրջ 72.8 մլն դոլար (հիմնականում արտահանվում է Գերմանիա):
Մոլիբդենային արտադրանքը, ցինկի և մոլիբդենի խտանյութն ամենից եկամտաբեր արտահանվող ապրանքների առաջին 3 տասնյակում են, որոնցից 2014 թվականին ստացվել է, համապատասխանաբար, 19 մլն, 13.8 մլն և 8.7 մլն դոլար շահույթ:
2014թ.-ից Հայաստանը զգալիորեն մեծացրել է պղնձի խտանյութի արտահանումը դեպի Չինաստան, ինչի արդյունքում ավելի է մեծացել Հայաստանի տնտեսության կապվածությունը Չինաստանի տնտեսության հետ: