Արդեն հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ամբողջական տեքստը, որը հաստատվել է հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի օգոստոսի 20-ի նիստում:
Դեռ առիթներ կլինեն, իհարկե, անդրադառնալու բուն նախագծի բովանդակությանը, համեմատելու նախնական տարբերակի հետ, խոսելու կատարված կամ չկատարված փոփոխությունների, սրբագրումների մասին:
Հետաքրքրական է, որ առանձին քաղաքական շրջանակներ, մերժելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և այդ ամենը համարելով ընդամենը իշխանության վերարտադրության միջոց, ըստ էության ներքաշվում են տվյալ օրակարգային հարցի տիրույթ ու ներգրավվում այս թեմայով քննարկումներում: Այդ ընթացքում, ի դեպ, նույն այդ շրջանակներն էլ իրենց հերթին չեն զլանում մատնանշել ինչ-ինչ խնդիրներ, որոնք ավելի շուտ մտացածին են, քան իրական:
Առավել հստակ ու մերժողական դիրքերից, ինչպես հայտնի է, հանդես է գալիս Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, որը նաև նախաձեռնել է այսպես ասած «Ոչ-ի ճակատ» ձևավորել՝ սահմանադրական փոփոխությունների եթե ոչ գործընթացը, ապա հանրաքվեն տապալելու վճռական մտադրությամբ:
Ամենից առաջ հետաքրքիր է ու արժե դիտարկել, թե ինչ դուրս կգա այդ «Ոչ-ի ճակատից»: Չնայած քարոզչական զանազան հարթակներում հնչող ահեղադղորդ հայտարարություններին ու բնորոշումներին՝ ինչ-որ բան հուշում է, որ այդ «ճակատն» առանձնապես մեծ թափ հազիվ թե հավաքի: Հարցն այն չէ միայն, որ ՀԱԿ-ն ինքը գրեթե ռեսուրսաքամ վիճակում է ու այլևս այն չէ, ինչ, ասենք, 2011 կամ նույնիսկ 2013 թվականին:
Հարցերից մեկն այն է, որ, նախ, ՀԱԿ-ի այդ «ճակատային» նախաձեռնությանը մինչև այժմ հիմնականում մարգինալ և փոքրաքանակ, նաև սակավ ազդեցություն ունեցող քաղաքական ու մերձքաղաքական միավորներ են քիչ թե շատ դրականորեն արձագանքել:
Մյուս հարցն էլ այն է, որ քաղաքական դաշտի ոչ իշխանական երկու ազդեցիկ ուժերից ՀՅԴ-ն ուղղակիորեն կողմ է սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելուն (խոսքը ներկայացված նախագծի մասին չէ, այլ առհասարակ փոփոխությունների անհրաժեշտության): Իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ, որ անկախ ամենից՝ կարողացել է որոշակի չափով պահպանել իր ուժերը, կազմակերպական ռեսուրսի մի մասն ու ազդեցությունը, ավելի շուտ հակված է սահմանադրության փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումների գործընթացի մեջ ներգրավվելուն, քան թե «ճակատային» ինչ-ինչ միավորումների կցվելուն: Մանավանդ եթե դա ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի նախաձեռնած «ճակատն» է: Ասում են՝ կաթից վառվածը թանն էլ է փչելով խմում:
Ամեն դեպքում, առավել հավանական է, որ ԲՀԿ-ն բովանդակային քննարկումների մեջ կներգրավվի: Առավել ևս, եթե նկատի առնենք, որ ժամանակին այս ուժը լիովին համամասնական ընտրությունների և խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու ծրագրեր ուներ:
Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա առայժմ անորոշ է այս կուսակցության դիրքորոշումը: Սակայն մի հարցում կարելի է գրեթե վստահ լինել. եթե անգամ ՕԵԿ-ը սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գա, այն հազիվ թե կլինի ՀԱԿ-ական «ճակատում»: Հենց ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են տարբեր առիթներով վերջին շրջանում հայտարարել, որ ՕԵԿ-ի հետ, պատկերավոր ասած, նույն սեղանի շուրջ չեն նստի:
Միաժամանակ արժե դիտարկել նաև այն քարոզչական կամ հակաքարոզչական թեզերը, որ սահմանադրության փոփոխությունների առնչությամբ շրջանառվում են: Դրանցից մեկն այն է, որ եթե սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա Հայաստանը, որպես այդպիսին, առնվազն կործանվելու է:
Հետաքրքիրն այն է, որ նման նոտաներով ազդակներ հանրությանն ուղղվում են առավելապես այն ուժի ներկայացուցիչների կողմից, որը 5 տարի (1990-95թթ.) իր համար բարեհաջող իշխանություն էր՝ առանց որևէ սահմանադրության: Ի դեպ, պատերազմի ժամանակ էլ Հայաստանը սահմանադրություն չուներ, ինչը չխանգարեց հաղթական ռազմական գործողություններ իրագործելուն:
Սա հիշեցնում ենք այն թեզերի առնչությամբ, թե՝ «վա՜յ, ամա՜ն, բա ինչպե՞ս կլինի, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում կառավարման կիսանախագահական կարգը փոխվի խորհրդարանականի» (եթե փոխվի, իհարկե):
«Իշխանությունների վերարտադրության»՝ ամենից հաճախ արծարծվող հակաքարոզչական թեզին արդեն քանիցս անդրադառնալու առիթ եղել է: Ուստի այս անգամ պարզապես հակիրճ նկատենք. բոլոր այն միավորումները կամ անձինք, որոնք հենց միայն իշխանությունների վերարտադրության մասին են խոսում, թերևս ճիշտ կլինի, որ հիմիկվանից հայտարարեն, որ իրենք, որպես քաղաքական ուժ և (կամ) որպես քաղաքական գործիչ, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:
Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. եթե իրենք իշխանությունների վերարտադրության մասին խոսում են ավելի վստահ, քան անգամ իշխանավորներն իրենք, ապա նշանակում է, որ այդ ընդդիմադիր ուժերն ընտրություններից շատ ու շատ առաջ արդեն պարտվել են կամ իրենց պարտված են համարում: Բանն այն է, որ իշխանությունները կարող են վերարտադրվել միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժերը մատնված լինեն լիովին ամլության և անպայքարունակ՝ ընտրությունների ժամանակ:
Ի դեպ, հետաքրքիր է և այն մոտեցումը, թե սահմանադրական փոփոխությունների հարցը «կեղծ օրակարգ» է: Այսինքն՝ մի բան, որ բերվել է քաղաքական օրակարգ՝ հանրության, քաղաքական ուժերի ուշադրությունը շատ ավելի կարևոր խնդիրներից շեղելու նպատակով: Ավելին՝ այս թեզը շրջանառողները զուգահեռաբար ասում են, թե իշխանությունները փորձում են մարդկանց ներշնչել, թե սահմանադրական փոփոխություններից հետո կյանքը (սոցիալ-կենցաղային տեսանկյունից) փոխվելու է, մի խոսքով՝ լավ են ապրելու:
Սա հետաքրքիր է այնքանով, որ իշխանություններն իրենք ոչ մի նման բան չեն ասում: Ո՞ւմ հասկանալի չէ, որ սահմանադրության փոփոխությունն ինքնին չի կարող էական ազդեցություն թողնել մարդկանց սոցիալական վիճակի ու երկրի տնտեսական կացության վրա, առավել ևս՝ կարճաժամկետ հեռանկարում:
Հասկանալի է նաև, որ սահմանադրության փոփոխությունների հիմնական խնդիրը քաղաքական համակարգի բարելավումը, պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացումը պետք է լինի: Դա, իհարկե, հետագայում կարող է ինչ-որ ազդեցություն թողնել սոցիալ-տնտեսական առումով, բայց ամեն դեպքում, քաղաքական, պետաիրավական խնդիրներն են փոփոխությունների հիմնական կոնտեքստը:
Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությունների դեմ «ճակատավորվելուն», ավելին՝ սահմանադրության հանրաքվեն իշխանափոխության շարժառիթ դարձնելու մոտեցումներին, ապա արժե, թերևս, հիշողության թեթևակի թարմացում անել: Նկատենք, որ և՛ 1995-ին, երբ նոր-նոր սահմանադրություն պիտի ընդունվեր, և՛ 2003-ին, երբ փոփոխությունների նախագիծ կար ու չընդունվեց, և՛ 2005-ին, երբ սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց, ահա, այդ բոլոր գործընթացների ժամանակ, ընդդիմադիր ուժերը փորձել են միավորվել ու համատեղ ուժերով դիմագրավել «կործանարար» փոփոխություններին:
Դրանցից և ոչ մեկի դեպքում ընդդիմադիր ուժերը ոչ միայն հաջողության չեն հասել, այլև հետագայում իրենք են հայտնվել ծանր քաղաքական կացության մեջ: Նույնիսկ 2003-ին, երբ ներկայացված նախագիծը փաստորեն չընդունվեց, ընդդիմադիր ուժերն իշխանափոխության առումով ունեցան «0» արդյունք:
Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացն այլ խնդիրների շաղկապելու նկատվող ու կրկնվող փորձը, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ զրոյական արդյունք կունենա հայրենի ժխտողականների համար: