Համալիրի վաճառքի թեման դեռևս շարունակվում է մնալ հանրային քննարկման օրակարգում: Հարցի շուրջ տարբեր հասարակական գործիչների կողմից շարունակվում են մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները։
Երեկ Մարզահամերգային համալիրի թեմայի շուրջ քննարկում է տեղի ունեցել Անալիտիկ մամուլի ակումբում: Որպես բանախոս հրավիրված էր Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանն, անդրադառնալով բուն ներդրումային ծրագրին, դժգոհություն է հայտնել, որ կառավարությունը, կարևորելով ներդրողների քմահաճույքները և անտեսելով հասարակությանը, էլ ավելի է խորացնում իր հանդեպ անվստահության մթնոլորտը:
Զարմանալի են Ճարտարապետների միության նախագահի մտահոգությունները: Ի՞նչ է նշանակում «ներդրողների քմահաճույքներ»:
Պետության ներսում կատարվող ցանկացած ներդրումային ծրագիրն ուղղակիորեն կապված է տնտեսության ակտիվության հետ:
Ճարտարապետը, հասարակական քննարկումն ու պետության ներսում կատարվող ներդրումները կշեռքի նժարներին դնելով, հաշվի չի առնում մի կարևոր հիմնավորում:
Հանրության մեծ մասի դժգոհությունները կապված են հենց երկրում ներդրումային պասիվության հետ: Յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ ցանկացած ներդրումային ծրագիր ուղղակի կամ անուղղակի անդրադառնում է հասարակության ամենատարբեր շերտերի վրա:
Կարծում եմ՝ ճարարապետը լավ չի ֆիքսել, թե համալիրի վաճառքի ու վերակառուցման ծրագրի կոնկրետ որ մասն է դժգոհություն առաջացրել հանրության շրջանակներում:
Հարցն ամենևին չի վերաբերում ներդրողներին: Հանրությունն ավելի մտահոգված էր Մարզահամերգային համալիրի տարածքում կառուցվող խաղատան համար:
Այսինքն՝ հանրության բողոքն արտահայտելու առաքելությունը ստանձնելուց առաջ նմանատիպ «օրը մեջ» ակտիվացող հասարակական գործիչները պետք է խորքային ուսումնասիրեն տվյալ խնդրի մանրամասները:
Թերևս վերջին շրջանում եղան բազմաթիվ սոցիալական բողոքներ, սակայն ըստ երևույթին նման խնդիրները չէին մտնում Մինասյանի «հետաքրքրությունների շրջանակներում»:
Հիմա ճարտարապետի դժգոհությունն ինչո՞ւմն է ի վերջո: Միգուցե «յուրահատուկ մոտեցում» է պահանջում համալիրի կառուցապատողներից: Դժվար է հստակ պատասխանել:
Ամեն դեպքում՝ լավ կլիներ Մինասյանից լսել ավելի մասնագիտական քննադատություններ ու կարծիքներ:
Իսկ հիմա համալիրի ճարտարապետական տեսքի մասին: Մկրտիչ Մինասյանը պահանջում է, որպեսզի պետությունն այնպես անի, որ համալիրի նման շինությունների ճարտարապեական տեսքը պահպանվի:
Կարծում եմ, որ մամուլի ակումբներում բոցաշունչ հարցազրույցներ տալուց առաջ լավ կլինի՝ գոնե մի փոքր խորքային ուսումնասիրել հրապարակված որոշումները։ Հարկ եմ համարում նշել, որ Մարզահամերգային համալիրի օտարման մասին որոշման մեջ հստակ պահանջ էր ներկայացված գնորդին. պետությունը պարտադրում էր չփոխել շինության ճարտարապետական տեսքին: