90065770_3352215_py5h2y5eAraratnews.am-ը գրում է.

Այս արտահայտությունը ոչ միայն աչքերում անհանգստության մասին է վկայում, այլև հուշում է  հնարավոր լուրջ հիվանդության մասին:

Այդ զգացումը ծանոթ է մարդկանց մեծամասնությանը, այսինքն, գեթ մեկ անգամ շատերը նման  զգացում ունենում են: Ու վերջին տասնամյակում նման բողոքների թիվն ավելացել է: Բայց, եթե նախկինում նման գանգատներն ասես միայն տարեցներին էր հատուկ` կապված տարիքի հետ արցունքի քանակի նվազման հետ, ապա հիմա նաև շատ երիտասարդներ են գանգատվում աչքերի չորությունից, ավազի զգացումից:

Պատճառները

Բացի տարիքային փոփոխություններից, չոր աչքի ախտանշանը  համակարգչի առջև  բազում ժամեր անցկացնելուց հետո  շատերին է անհանգստացնում: Դրա   պատճառով առավոտյան աչքերը բացելն  ու նույնիսկ կոպերը շարժելը դժվարությամբ  է հաջողվում ու անգամ ակտիվ թարթելուց էլ  թեթևություն չի առաջանում: Իսկ երեկոյան  թվում է, թե այդ ավազն ավելի է շատացել ու հետն էլ քոր է առաջանում:  Բոլոր  ախտանշանները կապված են աչքը խոնավացնող  հեղուկի անբավարար քանակով: Նորմայում պետք է մեկ օրում 1մլ հեղուկ արտադրվի, իսկ շրջակա անբարենպաստ գործոնները նվազեցնում են առանց այդ էլ չնչին քանակը:

Անպարենպաստ գործոններ են համարվում`

-արևի պայծառ լույսը

-շոգ եղանակը

-ուժգին քամին

-քլորացված ջուրը

-օդորակիչներով շրջանառվող օդը:

Աչքերում չորության զգացում կարող է առաջանալ նաև

- դիաբետի, Շեգրենի, Պարկինսոնի հիվանդությունների ու հորմոնալ խանգարումների դեպքում,

-դեղորայքից կամ էլ կոնտակտային ոսպնյակներից ալերգիաների ժամանակ,

-նյարդային խանգարումներով պայմանավորված  թերի քնի դեպքում,

-սուր ավիտամինոզի պարագայում:

Աչքերում չորության տհաճ զգացումը գրեթե բոլորը միանման են նկարագրում` «ասես ավազ լինի աչքերումս, որը խանգարում է նայել»: Սակայն միայն բժիշկը կարող է այդ երևույթի իսկական պատճառները բացահայտել ու որոշել, թե արդյոք դա լուրջ հիվանդության, թե ժամանակավոր, տեսողական հոգնածության հետևանք է:

Ներկայում աչքի լորձաթաղանթի խոնավությունը վերականգնող շատ միջոցներ կան, դրանք մեղմացնում են այդ տհաճ երևույթները ու կարելի է ամեն օր կիրառել:

Սակայն դրանք պետք է  իմացությամբ ընտրել: Կան առանց դեղատոմսի  վաճառվող կաթիլներ, ու ցանկացողը կարող է  նման  խնդրի դեպքում գնել ու ինքնուրույն կիրառել: Սակայն, տեսողությունը գանձ է, որը չի կարելի ոչ մի դեպքում անմիտ կերպով վտանգել: Ուստի, մի ծուլացեք, գնացեք ակնաբույժի մոտ ու նա կնշանակի հենց այդ դեպքին հարմար ու անվտանգ միջոց:

Պահպանեք տեսողությունը: Առողջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել