Եթե շոուն մի կողմ դնենք, որևէ պետական քաղաքական ծրագիր ունե՞նք՝ կապված մեզնից զավթած հողերի հետ։
Այս տարի ապրիլի 24-ին բոլորս հետևեցինք և մասը կազմեցինք պետական մակարդակով կազմակերպված միջոցառմանը: Յուրաքանչյուր ոք յուրովի արտահայտվեց կազմակերպվածի ձևաչափի, տված արդյունքի, անմոռուկի և այլնի մասին: Այս ամենն անցավ, և սրա մասին չի, որ ցանկանում եմ գրել...
4 ամիս անցել է, փաստացի թեման այլևս չի արծարծվում, ու մեծ հաշվով ինչ-որ շոշափելի տեղաշարժ նկատելի չի: Փաստ է, որ 100 տարի անց, բացի որոշակի միջոցառումներից, որևէ դրական փոփոխություն չեղավ: Գուցե մի քանի երկիր կամ երկրի նահանգ կամ քաղաք պաշտոնական գնահտականներով հանդես եկան, բայց արդյո՞ւնքը... Չեմ ընդունում, որ այս ամենը ժամանակի հարց է, այլ կերպ ասած՝ ընդունում եմ, բայց իմ հաշվարկներով այդ ժամանակահատվածը կարող է ձգվել ևս 100-200 տարի: Հնարավոր է անգամ, որ այդ տարիներից հետո Թուրքիայի փոխարեն մենք ստիպված լինենք այլ երկրի հետ սահմանակից լինել, և այդ դեպքում արդեն բացարձակ չեմ հավատում, որ, բացի լավագույն դեպքում Թուրքիայի ներողությունից, կարելի է ինչ-որ բան ակնկալել...
Վերջին օրերին Թուրքիայում տիրող իրավիճակն էլ կարծես, բացի մի քանի ֆբ օգտատերերից, ոչ մեկին, հատկապես մեր պետական ԶԼՄ-ներին, բացարձակ չի հուզում: Միայն այն, որ մենք ինֆորմացիա ստանում ենք մեծամասամբ մի ֆբ օգտատիրոջից, խոսում է մեր տեղեկատվական գիգանտների կամ սնանկության կամ այս լրջագույն հարցի հանդեպ անտարբերության մասին: Փաստորեն, այսօր ամեն մի խրթին բան՝ աստղուլիկներիի նոր ու անճաշակ դաջվածքները, հաստ շուրթերի սելֆիները, ուկրաինական խմորումները, չափալախ-մափալախները, Քոբուլեթիի արևայրուքներն ավելի կարևոր են, քան մեր սահմանակից, պատմական թշնամի երկրի՝ մեր պատմական տարածքներում տիրող քաոսը:
Հիմա ինձ հետաքրքիր է, Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով ունի՞ արդյոք պետական ծրագիր՝ կապված մեր պատմական տարածքների վերադարձի, փոխհատուցման և այս ամենին առնչվող հարցերի հետ:
Թե՞ մենք միայն սահմանափակվելու ենք անբարոյական աշխարհից ինչ-որ բաներ հայցելով, պարտաճանաչ անմոռուկներ կրելով, ամեն տարի օբամաների կողմից ցեղասպանություն եզրույթը լսելու մոլուցքով ապրելով, «պահանջատեր ենք» արտահայտությունը պատեհ-անպատեհ առիթներով բարձրաձայնելով, թուրքական ապրանքները բոյկոտելով ու նմանատիպ ստանդարտ գործողություններով:
Եթե գլխավորը շոուն է, ասեք գոնե հույսներս կտրենք ու սկսենք քրդերին բալետ անել: Ոչինչ, որ նրանց նախնիներն էլ 1915-ին պասիվ դիրք չեն բռնել, այլ անմիջականորեն եղել են թուրքերի կողքին, ոչինչ, որ քրդերից այլևս ոչինչ չենք ունենա ստանալու, գոնե կողքից կուրախանանք, որ մեզնից խլածը թուրքը չի վայելում...
Հ.Գ. Ես հասկանում եմ, որ այսօր մենք փորձում ենք մոռանալ այն, որ 1915-ի ցեղասպանության մեղավորներն են նաև Գերմանիան, Անգլիան, Ռուսաստանը և այդ ժամանակահատվածում նրանց փոխկապակցված երկրներից շատերը: Մեկը՝ մի քիչ շատ, մեկը՝ մի քիչ քիչ, բայց բոլորն էլ ունեցել են իրենց մեղավորության բաժինը: Այսքանից հետո կարելի է նաև մոռանալ, որ շատ քրդեր ևս եղել են կոնկրետ կոտորածների անմիջական մասնակիցները: