Ճամպրուկը հավաքելիս կարելի է մի անգամ էլ ծանրութեթև անել՝ ինչ ենք թողնում ու ինչ ենք գտնելու միգրանտի խաչը մեր ուսերին վերցնելով։
1. Հայաստանն ապահով երկիր է։ Չնայած արևմտյան երկրների զարգացվածությանը՝ գողությունն ու հանցագործություններն ավելի բարձր մակարդակ ունեն Արևմուտքում։ Օրը ցերեկով գրպանահատությունն Արևմուտքում սովորական երևույթ է, և մեծ հաշվով գրպանահատներին այդպես էլ չեն գտնում։ Աչքդ չթարթած՝ դրամապանակդ այնպես կտանեն, որ չես էլ հասցնի գլխի ընկնել։ Մյուս կողմից՝ Երևանում առանց անհանգստության կարող ես երեկոյան ժամերին դուրս գալ քայլելու։ Այլ երկրներում լուրջ խիզախություն է անհրաժեշտ ուշ ժամերին դրսում մնալու համար։
2. Հայաստանում պահպանվում է ընտանիքի մոդելը։ Չնայած վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվը գնալով ավելանում է Հայաստանում, բայց Արևմուտքի հետ համեմատած՝ դասական ընտանիքի մոդելը դեռևս Հայաստանում գերակշռող է։ Հայաստանում ընտանեկան ճգնաժամերը հաղթահարողներն ավելի շատ են, և երեխաները մեծանում են հորից, մորից բաղկացած ընտանիքներում։
3. Հայաստանում մանկությունն ավելի անհոգ է։ Ի տարբերություն Արևմուտքի ու Ռուսաստանի՝ Հայաստանի դպրոցներում երեխաներին չի հրամցվում թմրանյութ, երեխաները դպրոցական տարիքում հիմնականում չեն ճաշակում սեքսն ու ալկոհոլը։ Հայկական դպրոցներում չեն բաժանում պահպանակ, որովհետև դրա կարիքը չկա։
4. Հայաստանում բիզնես սկսելն ավելի հեշտ է։ Չնայած դժգոհում ենք Հայաստանի հարկային ու մաքսային համակարգից, բայց իրականում բիզնես սկսելու ստարտային պայմանները Հայաստանում շատ ավելի հեշտ են, քան զարգացած երկրներում։ Այնտեղ բացի անտանելի բարձր հարկերից՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև բարձրագույն կրթության, առողջության, բանկային ելումուտերի ու այլ փաստաթղթեր, ցանկացած բացթողում կարող է պատճառ դառնալ, որ ձեզ արգելեն բիզնեսով զբաղվել։
5. Հայաստանում քո ձայնը լսելի է։ Ցանկացած խնդրահարույց հարցի վերաբերյալ մեր բողոքը հասնում է մինչև ամենաբարձր ատյաններ՝ դրա համար մեկ մամուլի ասուլիսը կամ 10 հոգանոց փողոցային պայքարի մեսիջները շատ արագ տեղ են հասնում, ու պայքարողը հեղինակություն է ձեռք բերում։ Օրինակ՝ հայտնի ճարտարախոս տաքսիստը, որ մի քանի ժամում դարձավ լրատվականների գլխավոր հերոսը։ Ասածս ամենևին չի նշանակում, որ բոլոր բարձրացված խնդիրները լուծում են ստանում, բայց ձայնդ գոնե լսում են։ Դրսում չափազանց արտասովոր պետք է լինես, որ նախ լրատվամիջոցներն, ապա իշխանությունները լսեն ձայնդ։
6. Հայաստանում հաջողության հասնելու ճանապարհն ավելի կարճ է։ Չնայած խնամի, ծանոթ, բարեկամ, կաշառք մոդելի ակտիվ կիրառմանը՝ միևնույն է՝ Հայաստանում կրթված, խելացի բանիմաց մարդը հնարավորություն ունի առաջ գնալու։ Սուտ են այն պնդումները, թե լավ, ժամանակակից կրթություն ստացած մարդը մնում է առանց աշխատանքի։ Սա չի նշանակում, որ այդ մարդիկ ստանում են չափազանց բարձր աշխատավարձ, բայց ճանապարհ ունեն ավելի արագ առաջ գնալու։ Արևմուտքում կրթություն ստացածներն ու շատ ավելի լավ կրթություն ստացածները միլիոններով են, ու եթե այստեղ առաջ գնալու հնարավորությունը տրված է մի քանի բանիմացի, այնտեղ միլիոնների է տրված։ Մրցակցությունն ավելի մեծ է։
7. Հայաստանում սնունդն անվտանգ է։ Աշխարհի բնակչությունը գնալով ավելանում է, 7 միլիարդի շեմն էլ անցավ մարդկությունը։ Մոլորակը դասական եղանակով այլևս չի կարողանում կերակրել մարդկությանը։ Հատկապես մեծ տերությունները բնակչությանը կերակրելու խնդրի առաջ են կանգնած։ Դրա համար ստեղծել են այսպես կոչված գենափոխված սնունդ կամ շատ արագ եղանակով ստացվող մրգեր ու բանջարեղեններ, որոնք առաջացնում են հազար ու մի հիվանդություններ։ Փառք Աստծո, դեռևս Հայաստանում լայն կիրառում չեն ստացել այդ սննդատեսակները, բայց զարգացած երկրներում դրանցից խուսափելը գրեթե անհնար է։ Բացի այդ, բոլորն են պնդում՝ հայկական մրգերն ու բանջարեղենն ամենահամովն է։
8. Հայաստանում մարդկային ջերմությունը պահպանվում է։ Աստված մի արասցե, եթե փողոցում մի վատ բան պատահի, Հայաստանում ամեն երկրորդ անցորդը կշտապի օգնել, դրսում անցորդից օգնություն չարժե ակնկալել։ Բացի այդ՝ աշխատանքից հետո տուն, մեկ-մեկ փաբ ճանապարհից բացի՝ Հայաստանում շատ ու շատ ուրիշ ճանապարհներ կան։ Օրինակ՝ ընկերների հետ կերուխում, բարեկամների հետ շփում, գյուղի բարեկամների տուն գնալ, հարևանություն, հարազատություն։ Ես չեմ պնդում, որ այլ երկրներում սրանք բացարձակ բացակայում են, բայց հիմնականում բացակայում են կամ կորում օր ու գիշեր աշխատանքի արանքում։
9. Հայաստանում ապրում ես քեզ համար։ Չնայած զարգացած երկրները մարդկանց հնարավորություն են տալիս մի շարք բարիքներից օգտվելու, բայց դա ձեզ համար չէ։ Արևմուտքի երկրների միգրացիոն քաղաքականությունն այնպես է տարվում, որ դուք երբեք ժամանակ ու հնարավորություն չեք ունենա օգտվել այդ բարիքներից, բայց հույս կունենաք, որ ձեր երեխաները կօգտվեն։ Երեխաներն էլ լիարժեք չեն օգտվի, որովհետև այդպես էլ չեն հասկանա իրենք որտեղից են՝ այստեղից, թե այնտեղից։ Այ ձեր թոռները կվայելեն, բայց նրանք այլևս հայ չեն լինի։
Այս պնդումներիս կարող եք բերել բազմաթիվ օրինակներ, որ այդպես չէ։ Ես էլ կարող եմ բերել հարյուրավոր օրինակներ, բայց դրանք մասնավոր դեպքեր են, ես խոսում եմ ընդհանրական։ Կարելի է նաև հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչն է վատ Հայաստանում, և ինչու են գնում։ Դրանք էլ գիտեմ, բայց մնալու առավելություններն էլ կարելի է իմանալ։