Մերոնք ժամանակին 2-3 անգամ նայել էին Ալան Պարկերի «Փինկ Ֆլոյդ. Պատը» ֆիլմը, և ինչպես էր եղել` ես միշտ չէի կարողացել լրիվ նայել: Այսօր նայեցի ու հասկացա, թե ինչ ծանր հիվանդությունից պետք է ազատագրվի մարդկությունը: Այս ֆիլմը դեռևս հրատապ է, ներկա քաղաքակրթությունը դեռևս դուրս չի եկել դեգրադացիայի տեղապտույտից:
Մեզ պետք չէ այդպիսի կրթություն,
Պետք չէ մեզ` հսկել մտածողությունը,
Մանկավարժական ճիվաղություն դասարաններում:
Ուսուցիչնե՜ր: Թույլ տվե՜ք` մենք ինքներս լինենք:
Այս տողերը ողբերգել է անգլոսաքս հեղինակը – և նրա հետ` ամբողջ աշխարհը: Այս քառատողը պետք է խփել Կրթության նախարարության պատին – այս քաղաքակրթության ինքնախոստովանանքը` եվրաինտեգրման մեր մունետիկների համար: Ներկա կրթության մսաղացը գործում է, ափսո՜ս մեր կանաչ մանուկները, ափսո՜ս ողջ աշխարհի մանուկները… Երեխան բանաստեղծություն է գրում, և նրա նուրբ մատները դաղում է «ուսուցչի» հարվածը: Ներկա դպրոցները – ահա թե որտեղից են սկսվում պատերազմները:
Բայց ամենասարսափելին նույնիսկ դպրոցը չէ՜… Ամենասարսափելին տղամարդու և կնոջ պատերազմն է, դաժան կռիվը սեռերի միջև: Բնության այս երկու ծաղիկը ելնում են իրար դեմ, պայքարը դաժան է, նսեմացուցիչ` երկուսի համար: Կին-սիմվոլը դառնում է կարմրաբոց երախ, որ կլանում է տղամարդ-սիմվոլին: Ծաղկի նուրբ ցողունը փշալար է դառնում: Սեռերի թշնամանքը ծնում է մոլորակի ամենածանր հիվանդությունը: Մոլորակի սիրտը պատռվում է, և նրա խորքում երևում է Պատը:
Պատը ծնում է բռնակալներ: Բռնակալը բեմից կռնչում է իր ճառը, և դիմակավոր ամբոխը խենթանում է: Հաստատվում է մուրճերի թագավորությունը: Պատի վրա խամաճիկ-մարդու ստվերն է միայն խաղում: Պատը շրջագծով կլորանում է և իր մեջ է առնում դժբախտ մարդուն – նա մի չնչին կետ է, և նրա վրա հարձակվում է իր իսկ ստեղծած հրեշը…
Ահա ներկա քաղաքակրթության դիմանկարը: Ախտորոշումը: Իսկապես, հիմար պետք է լինել`«Փինկ Ֆլոյդ. Պատը» նայելուց հետո հավատալու համար քաղաքական երեսպաշտների «ժողովրդավարական» էքսկուրսներին…
Ազնիվ հեղինակները կանխատեսում են – ՊԱՏԸ ՓԼՎԵԼՈՒ Է: Այժմ արդեն հաստատապես հայտնի է` ՊԱՏՆ ԱՐԴԵՆ ՓԼՎՈՒՄ Է: Փլվում է Լույսի, Սիրո, Գիտակցության շողարձակումից: Եվ երբ փլվի, նրա քարերի հետ կխաղան աշխարհի երեխաները…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3500420209734
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել