Վերջին մի քանի օրվա ընթացքում էջիս վրա ամեն երկրորդ ստատուսը Հանրապետության հրապարակի դեպքի մասին է։ Հետաքրքիր վիճակագրություն կարելի է կազմել այս թեմայով՝ մի մասը ուղղակի հայոյում է ոստիկանին, մյուս մասը միտքը սկսում է՝ «չեմ արդարացնում բռնությունը, բայց...»։ Այ հենց ասում են բայց, դրանից հետո սկսում են արդարացնել բռնությունը։
Մենք մի տեսակ չենք հարմարվում մեր պետականության հետ, կամ դեռ չենք գիտակցում ինչ է պետականությունը։ Ի վերջո՝ սա օրենքի երկիր է, թե ինքնակարգավորվող ցեղային միավոր։ Իրավական պետությունը ի տարբերություն ցեղային միավորի կարգավորվում և առաջնորդվում է օրենքներով։ Օրինակ այսպիսի դեպքերի համար օրենքը հստակ նախատեսում է, թե ով ինչ պետք է անի, ինչպես անի, ուր դիմի։ Օրինակ՝ ասում են մեծահասակ մարդը հայոյել է և դրա համար ոստիկանը հարվածել է։ Օրենքը մարդու արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսում է պատասխանատվություն ու այս դեպքում ոչ թե պետք էր ապտակել, այլ դիմել դատարան։ Շատ պարզ ընտրություն էր՝ ոստիկանը համակարգում աշխատելով դեռ չէր կողմնորոշվել «գողակա՞ն» է, թե՞ ոստիկան։ Վերջապես կողմնորոշվեց։ Կողմնորոշվելուց հետո էլ օրենք կա՝ բռնություն կիրառած ոստիկանին պետք է պատժել օրենքով։ Վերջ։ Դրանից հետո մեծահասակ մարդը հայոյել է, սպառնացել, որ կսպանի ոստիկանին։ Կրկին օրենք ունենք։
Հիմա մեր ընտրության հերթն է՝ մենք պետք է ինքներս մեզ համար հասկանանք, մենք պետականություն ենք, թե ինքնակարգավորվող ցեղային միավոր, որտեղ ամեն մեկը իր հարցերը կարող է լուծել ինքնադատաստանի ձևով։ Բռնությունը, վիրավորելն ու սպառնալը անթույլատրելի է, առանց «բայցերի» ու «եթեների»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/1160198444006992?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել