Ծաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի մասնակիցներին օգոստոսի 22-ին այցելել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը դիտել է ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի և Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը: Հավաքի մասնակիցները Նախագահին նվիրել են ՌԴ-ում՝ Ուրալի վարպետների կողմից պատրաստված կնիք՝ մաղթանքով, որ այն հնարավորինս հաճախ դրվի Միության հավաքների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ ընդունելով նվերը՝ նշել է, որ այն թանկ է իր համար նաև այն պատճառով, որ իր ժամկետային ծառայությունն անցել է հենց Հարավային Ուրալում: Նախագահն ընդգծել է, որ ինքը ևս շատ կցանկանար, որպեսզի այս կնիքը հաճախ դրվեր Հայաստանի տարածքում և նախկին ԽՍՀՄ այլ երկրներում նման հավաքների ու այլ երիտասարդական ինտեգրացիոն գործընթացների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի վրա:
Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը խորհրդանշական է համարել, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:
«Այդ հաղթանակը շատ հարցերում հնարավոր է դարձել ի շնորհիվ ֆաշիզմի դեմ բազմաթիվ ժողովուրդների սերտ միասնության: Մենք ուղղակի պարտավոր ենք թանկ գնահատել այդ հաղթանակը: Մենք փառավոր ընդհանուր պատմություն ունենք, և բոլորս պետք է ոչ միայն պահպանենք, այլ նաև ամեն ինչ անենք շարունակելու համար այն ավանդույթները, որոնք եղել են և կան:
Պետք է երախտապարտ լինենք այն մարդկանց, ովքեր մտահղացել և իրականացնում են այսպիսի ծրագիր, քանի որ առաջին հերթին այս նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ, որտեղ դուք կարող եք ծանոթանալ միմյանց պատմությանն ու մշակույթին, որտեղ կարող եք կիսվել գիտելիքներով և, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել: Դուք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության լուսավոր ապագայի երաշխավորներն եք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում կան շատ մարտահրավերներ, և դրանք հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: Դուք տարածողներն եք համամարդկային գաղափարների, հանուն որոնց պայքարել են մեր պապերն ու նախապապերը: Ես վստահ եմ, որ և՛ դուք, և՛ ձեր հասակակիցների մեծ մասը դա գնահատում են և ամեն ինչ կանեն, որպեսզի այդ բարեկամությունը, այդպիսի հարաբերությունները լինեն հավերժական: Այսպիսի հավաքները, իհարկե, հնարավորություն են ձեռք բերելու նոր ընկերներ: Ցանկացած ընկերություն, ցանկացած համագործակցություն մշտական ջանքերի կարիք ունի և ուշադրություն ու հոգատար վերաբերմունք է պահանջում»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով հավաքի մասնակիցներին հաջողություններ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ինտեգրացիոն գործընթացներին, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և մեր երկիրը մշտապես ջանքեր կգործադրի, որպեսզի տարվա մեջ մեկ կամ երկու անգամ նման հավաքներ, շփումներ տեղի ունենան, հավաքի մասնակիցները նոր ընկերներ ձեռք բերեն և լավ տպավորություններով հեռանան տուն:
Ինչ վերաբերում է «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի ընթացքին, ապա օգոստոսի 21-ի մրցութային ծրագրում ներառված էր միայն մեկ մրցաձև՝ «Ուժային փորձարկում»: Խառը սկզբունքով համալրված դասակները թիմային պայքարի մեջ էին: Օրվա ընթացքում զուգահեռ կազմակերպվել են վարպետության ու վերապատրաստման դասընթացներ դիվանագիտության, հետախուզական վերլուծության, կրակային պատրաստության ու ինժեներական սարքավորումների, բուժօգնության առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացների նպատակն է համապատասխան գիտելիքների փոխանցումը հավաքի մասնակիցներին արտակարգ իրավիճակներում գործելու վերաբերյալ:
Օրն ամփոփվել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող թիմերի համատեղ մշակութային ծրագրով: