11903743_1047081351991332_3855353728944786227_n

Նորքի բլուրն իմ ու Դավիթ Բլեյանի ամեն առավոտվա ճոճքի վկաներից է, ինչպես հեռուստաաշտարակը…
– Ինչի՞ համար է հեռուստաշտարակը:
– Ինչո՞ւ մյուս աշտարակները չեն ուզում ավելի բարձրանալ: Էլ ի՞նչ աշտարակներ կան…
– Ինչի՞ բերդն աշտարակներ ունի:
– Ես ուզում եմ տեսնել բոլոր աշտարակները:
– Ինչպե՞ս են փոխում աշտարակի լույսերը:
– Մի անգամ ես ու դու, պապ, կարո՞ղ ենք բարձրանալ հեռուստաաշտարակը…
– Խի՞ արագիլը բույն չի դնում հեռուստաաշտարակի գլխին…
– Այդքան բարձր ու կանգո՞ւն է, պապ:
– Որ աշտարակի գլխին կանգնեմ, ու այսպես բարձր գոռամ, բոլորը կլսե՞ն…
– Ասա տեսնեմ՝ քանի՞ աստիճան ունի հեռուստաաշտարակը: Ես կարող եմ բարձրանալ ու հաշվել:
– Ինչպե՞ս է, որ հաղորդում է, ու բոլորն ընդունում են…
– Ինչպե՞ս են ալիքները բռնում: Ես ինչո՞ւ չեմ տեսնում դրանք հիմա:

Այսօրվա գիրը սկզբում իր վերնագիրն ունեցավ. Եվրանյուզի գովազդն ուղղակի աշխատեց… ազդեց… Իմ գրերի վերնագրերը սովորաբար վերջում են առաջանում. կարելի էր գլխագիր ընտրել հենց օրը կամ գրի համարը… Սուսան Մարկոսյանն ուզում է, որ վերնագրով լինի իմ գիրն օրվա… Մարդ բռնի՝ իր բոլոր վերնագրերը հավաքի մի գրում, ու սկսի ռոդարիական լիմերիկների պես խաղալ, տեքստեր հորինել…

Լինելով տարբեր մարդիկ՝ միանման ռազմական устав-կանոնադրության տակ ծառայում են, իրագործում միևնույն կրթական ծրագիրը հանրապետության 1400-ի չափ պետական հանրակրթական հաստատություններում. ինչպե՞ս է, որ դա չի խանգարում… Իսկ այս մեր յուրահատկությունը՝ տարբեր լինելը, ինչպե՞ս է իրեն դրսևորում հեղինակային կրթական ծրագրի մշակման-կազմակերպման ու տարածման փուլերում… Ինչ ուզեմ՝ կանե՞մ… Կուզեմ՝ չե՞մ անի… ուրիշ բան կանե՞մ՝ իմ իմացա՞ծը… Միշտ էլ դժվար է եղել օգոստոսի վերջի-սեպտեմբերի սկզբի այս շրջանն ինձ համար… Եթե ես ընտրեի արձակուրդի իմ օրերը, կընտրեի այս օրերը և դեկտեմբերի վերջի-հունվարի սկզբի շրջանը… Իսկ մեկուսանալու սուր պահանջ ես ունենում եմ հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին, երբ կարելի է շոշափել աշունը…

Ես պատասխանեցի անպատասխան թողած 1-2 հարցի… Կան մարդիկ, որ գրանցում են հարցերը, սպասում իրենց հերթին… Հարցերն անպատասխան թող չմնան…

Տիպային մանկապարտեզի շենքերից (մեր կրթական օբյեկտներից հինգն այդպիսին է) թափանցիկ, դուրս ու ներսը մեկ ամբողջական կրթական-ուսուցանող համակարգ դարձրած, տարբեր մարդկանց յուրահատկությունների համար հարմար միջավայրեր ստեղծելն ունի գորդյան հանգույցներ… Այս տարի շինբարելավման աշխատանքներով ես տասնյակ այդպիսի հանգույցներ եմ քանդում-արձակում-լուծում. ա՛յ, խնդրեմ, երեկ մինչև ուշ, բանվորների հետ, Գեղարվեստի շենքի աջ ու ձախ՝ քանդակ-կացարանի, նախակրթարանի հատվածում էի… Արմինե Թոփչյանը սկսել է գործուն մասնակցել լուծմանը, երևում է՝ շինարարությունը սկսել է ոչ միայն հոգս դառնալ նրա համար (մենակ թե շուտ պրծնեմ), այլև հետաքրքրել. միջամտում է նախագծին, փոփոխում-լավացնում… Այդպես և նոր Հասմիկ Թոփչյանը… Իսկ գեղարվեստի կրտսեր դպրոցի գեղանի աղջիկների թիմը, տեսեք, ինչ թեթևությամբ է մոտենում ֆիզիկական աշխատանքների անհրաժեշտությանը…
Այդպես քիչ է լինում, բայց պատահում է, որ շինարար-բանվորն էլ սկսում է մասնակից դառնալ, ինչպես տիար Էդուարդ Գավարյանը… Վարպետ Պետոյի հավեսը փախել է. դա երևում է, ափսո՜ս… Բայց հենց հավեսը տեղն է լինում, փայլատակում է լուծումներով՝ նույն պահին իրագործելով՝ առանց ժամին նույնիսկ նայելու, ինչպես երեկ…

Ի՜նչ տարբերություն, կոնկրետ դասընթացի, ուսումնական նախագծի ծրագիր ես անում-մշակո՞ւմ, թե՞ կրթական միջավայրի շարունակական փոփոխման… Մեր հեղինակային սեբաստացիական միջավայրը մի՞թե յուրահատուկ չէ մեր տարբեր լինելը դրսևորելու համար… Տարբեր լինելը մեր յուրահատկությո՞ւնն է: Ինչպե՞ս է այս մեր յուրահատկությունը (բնույթը) հաշվի առնում նախադպրոցական, 9-ամյա թե 12-ամյա հանրակրթությունը… Թեմա է… Ինչպե՞ս են անհատի տարբեր լինելու իրավունքը հարգում մեր հեղինակային կրթական ծրագրերը՝ իրենց ուսումնական պլաններով, թե՞ կազամակերպման ընթացքում դրանք գաջի-բետոնի սվաղի տակ են մնում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել