Tert.am-ը գրում է.

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում դեռևս հինգ տարեկանից երեխաների շրջանում պետք է անցկացնել IQ տեստեր և պարզել, թե որ երեխան որքան ընդունակություններ ունի և որ ուղղությամբ։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս նշեց, որ մարդկանց հիմնական մասը մասնագիտություն ընտրում է ոչ թե իր ընդունակություններից ելնելով, այլ որն է այդ ժամանակաշրջանում ավելի եկամտաբեր համարվում։

«Դասատուն հենց սկզբից պետք է իմանա յուրաքանչյուր աշակերտի կարողությունը և յուրաքանչյուրի հետ աշխատի այնպես, որ դրանք զարգացնի։ Հայ ժողովուրդը կորցնում է իր ուղեղների մի մասը, քանի որ չի ստուգում IQ-ն ու չի ուղղորդում, թե ով ինչ ուղղությամբ շարունակի, որ լավ մասնագետներ լինեն։ Կրթության շուկան չի կարգավորվում, քանի որ չկա կենտրոն, որը կուսումնասիրի պահանջարկված մասնագիտությունները, եղած իրավիճակը և այլն»,-ասաց նա։

Սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում որոշ մասնագիտությունների գծով մասնագետների հերթեր են գոյանում, իսկ որոշների դեպքում էլ մասնագետ չի գտնվում։

«Մեզ մոտ չկան միջազգային մակարդակի իրավաբաններ, միջազգային մակարդակի մենեջերներ, արտաքին հարաբերությունների մասնագետներ ու չենք էլ պատրաստում։ Արտերկրում սովորած ու վերադարձածները տեսնում են, թե որքան աշխատավարձ են ստանում այստեղ մարդիկ, նորից հետ են գնում»,-ասաց նա։

Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ ամեն ինչ պետք է սկսել դպրոցից, հենց առաջին դասարանից և յուրաքանչյուր երեխային անհատական մոտեցում ցուցաբերել։ «Պետք է վերակառուցենք դպրոցը, վերանայենք բուհական ծրագրերը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել