Իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում այս հարցը ինձ գրեթե ամեն օր է հետաքրքրել: Պատճառները շատ են՝ ոմանց չի բավարարում աշխատավարձը, ոմանց էլ միայն աշխատավարձն է հետաքրքրում (շատերը հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե որքանով են համապատասխանում ցանկալի աշխատավարձով աշխատանք առաջարկած գործատուի պահանջներին): Շատ հաճախ պատահում է նաև այն, որ գործատուն առաջարկում է չնչին աշխատավարձ անվերջանալի պարտականություններով աշխատանքի դիմաց: Այսօր հայաստանյան աշխատաշուկան առաջարկում է այնպիսի գործեր, որոնք իրենց մեջ ներառում են մի քանի աշխատողի պարտականություն: Ասվածի ապացույցն են ներկայացվող հաստիքները՝ վարորդ-առաքիչ, վաճառողուհի-գանձապահ, բարմեն-գանձապահ, հավաքարար-սպասք լվացող և այլն: Ամենից ցավալի ու անհանգտացնող հանգամանքն այս ոլորտում այն է, որ գործում է տարիքային սահմանափակում նույնիսկ այնպիսի մասնագիտությունների դեպքում ինչպիսին են խոհարարը, ինժեները, տեխնոլոգը, դիզայները, կահույքագործը և այլն: Բայց չէ՞որ հարգելի գործատու սրանք այն աշխատանքներն են, երբ որակյալ աշխատանքի գրավականը տարիների փորձն է: Գործատուները ստիպված են աշխատողին տրամադրել ցածր աշխատավարձ քանի որ ծանր են երկրի սոցիալտնտեսական պայմանները. չկա առևտուր, պահանջարկ, մյուս կողմից էլ շատ են երկիրը լքողների թիվը: Սակայն ոչնչով չես արդարացնի այն գործատուի վարքագիծը, երբ արհամարհանքով է վերաբերվում իր ենթակային, երբ մերժում են մարդուն ընդունել աշխատանքի միայն այն պատճառով, որ տարիքը 40-ից բարձր է: Միևնույն ժամանակ չեմ կարող չնկատել, որ աշխատանք փնտրողները մեղմ ասած անպատրաստ են: Շատերը պատկերացում անգամ չունեն թե ի՞նչ է ռեզյումեն, այն ինչ՞ու կամ ինչպե՞ս պետք է ներկայացնել; Որպեսզի պատկերը ավելի ակնառու լինի այժմ կներկայացնեմ այս ոլորտում հաճախ տրվող հարցերն ու դրանցից բխող անտրամաբանական պատասխաները:

ՀԱՐՑ- բերել եք Ձեզ հետ ռեզյումե:

ՊԱՏ-իսկ դա ի՞նչ է, որտեղի՞ց կարող եմ գնել:

ՀԱՐՑ-իսկ դուք գիտե՞ք մեր էլեկտրոնային հասցեն:

ՊԱՏ- իսկ Էդ հասցեն քաղաքի, ո՞ր մասում է:

ՀԱՐՑ-ինչպիսի՞ն է ձեր ընտանեկան դրությունը

ՊԱՏ-բավարար

ՀԱՐՑ-Գրեք Ձեր անձնագրի տվյալները:

ՊԱՏ- հասակս՝ 170 սմ, քաշս՝ 95:

ՀԱՐՑ-Ներկայումս որտե՞ղ եք ապրում:

ՊԱՏ- վարձով

Հավատացեք ոչինչ չափազանցված չէ, ցավալի է, բայց իրական է: Նման հարցերին ճիշտ պատասխանելու համար հարկավոր չէ ունենալ բարձրագույն կրթություն կամ էլ 15 տարվա աշխատանքային փորձ, հարկավոր է միայն ուշադիր լսել տրվող հարցը և լինել զգոն ու շրջահայաց, չմոռանալ, որ ձեռք բերված լիարժեք ու լավագույն կրթությունն ի հայտ է գալիս ինքնակրթության ճանապարհով: Հարգելի գործատուներին, ունեմ խնդրանք, թույլ տվեք անփորձին ձեռք բերել փորձ, իսկ երբ տեսնում եք, որ փորձառու աշխատողի միակ << թերությունը>> տարիքն է մոտեցեք ըմբռնումով: Չէ՞ որ դուք էլ մի օր հասնելու եք այդ մարդկանց տարիքին, իսկ Ձեր գործատուի կարգավիճակը հավիտենական չէ: Հ. Գ, Աշխատանք փնտրելու համար անհրաժեշտ է համառություն, աշխատասիրություն, կամք ու նպատակասացություն, իսկ աշխատանք ունենալու համար անհրաժեշտ է ճիշտ ու ռեալ գնահատել սեփական կարողություններն ու հմտությունները : Երբ գիտես ինչ ես փնտրում ավելի մեծ է գտնելու հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել