Սոցկայքերի միջև մրցակցությունն օր օրի մեծանում է: Ընդհանուր առմամբ բոլորի՝ Twitter-ի, Facebook-ի, Pinterest-ի, Instagram-ի և մնացածի նպատակը մեկն է՝ անել ամեն ինչ օգտատերերին հնարավորինս երկար ժամանակ տվյալ կայքում պահելու համար, ինչպես նաև ներգրավել նորերին:
Ահա, Facebook-ն էլ շուտով հանդես կգա բոլորովին նոր առաջարկով: Ընկերությունն աշխատում է նոր թարմացման վրա, որով հնարավորություն է ընձեռելու կազմակերպություններին իրենց արտադրանքը սպառել այս տիրույթում ևս: Այլ կերպ ասած, շուտով մարդիկ հնարավորություն կունենան ֆեյսբուքում կատարել գնումներ (shopping)՝ այս կամ այն խանութի ֆեյսբուքյան էջում ընտրելով նրանց կողմից ներկայացված ապրանքները:
Timeline, Photos, About և մնացած բաժինների կողքին ավելանալու է shopping բաժինը: Ինչպե՞ս են մինիբուտիկներն աշխատելու: Ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է տվյալ ապրանքի նկարները։ Ընտրելով ձեզ դուր եկած տեսականին` կատարում եք գնումներ: Որևէ ապրանք վաճառելիս տվյալ խանութն ինքն է որոշում գործարքը կատարել Facebook-ում, թե տեղափոխել սեփական վեբ կայք ու շարունակել այնտեղ:
Այս թարմացման վերաբերյալ ընթանում են տարատեսակ փորձարկումներ Facebook-ի կողմից:
Ինչ խոսք, Facebook-ի ներկայիս ալգորիթմը ստիպում է մտածել մի շարք հարցերի մասին: Օրինակ՝ վաճառքի դրված ապրանքները լինելու են նկարներով: Հիմա հարց է առաջանում. յուրաքանչյուր հղման post reach-ը հաշվարկելու է սովորական նկարի բանաձևո՞վ, թե՞ հատուկ հաշվարկման ձև է ունենալու: Սա հետաքրքիր է, քանի որ, ինչպես գիտենք, ֆեյսբուքում նկարների և ենթադրենք տեսահոլովակի post reach-ը հաշվարկվում է տարբեր կերպ: Այս պարագայում ևս հարցական է, վաճառվող արտադրանքի նկարի post reach-ը հասարակ նկարինից տարբե՞ր է հաշվարկելու, որպեսզի գովազդի համար ավելի շատ գումար ծախսեն ընկերությունները, թե՞ ոչ (փաստացի դրանք երկուսը տարբեր բաներ են, մեկը՝ բիզնես, մյուսը՝ ժամանց)
Այստեղ մի կետ ևս բացակայում է հայտարարության մեջ: Ֆեյսբուքը վաճառքով զբաղվող ընկերությունների էջերը տարբերակող առանձին համակա՞րգ է ունենալու, թե՞ բոլոր ՖԲ փեյջերում պարզապես հայտնվելու է shopping բաժինը: Պատկերացնո՞ւմ եք՝ համատարած հայտնվելու դեպքում ինչ կկատարվի։ Կարծում եմ՝ հիմարություն կլինի, եթե քաղաքացիական շարժման կամ հեղափոխական ընդդիմադիր գործչի փեյջում հայտնվի shoping բաժինը:
Կարծում եմ՝ վաճառքով զբաղվող ընկերության ՖԲ էջը «մինի-վիտրինա» դարձնելու ամենաօպտիմալ տարբերակը կազմակերպության website-ի միջոցով գրանցվելն է:
Չնայած այս ամենին, միևնույն է, ֆեյսբուքը սրանով մեկ քայլ առաջ է անցնում «գործընկերներից»: Ենթադրում եմ, որ Instagram-ի պատասխանը շատ չի ուշանա: