Նշանակություն չունի, թե ինչպիսին է պետության սահմանադրությունը: Կարևորը մարդկանց և հատկապես երկրի քաղաքական վերնախավի բարոյականությունն է:
Երկրում, որտեղ քավորա-սանիկա-խնամիական բանդիտիզմը զարհուրելի չափերի է հասել, որտեղ ամենայնի նկատմամբ սպառողական հոգեկերտվածքով ու միայն իր սեփական ԵՍ-ի մասին մտածող, ԻՐ գոյությունն ամեն ինչից վեր դասող ու մնացյալ մարդկության հետ անհաշտ մրցակցության մեջ գտնվող, ամեն գնով ԻՐ համար նոր «տարածքներ» զավթելու մասին երազող, ԻՐ «ազդեցությունների ոլորտներն» ընդարձակել ցանկացող, որտեղ պարազիտիզմը՝ ընդհանուրին ոչինչ տալով առավելագույնն ԻՐԵՆ վերցնելու ձգտումը կյանքի նորմ դարձրած ագրեսիվ մարդն է ամենայնի կենտրոնում հաստատված, սահմանադրություններ, օրենքներ կամ հրամանագրեր գրելով ոչինչ փոխել հնարավոր չէ:
Մենք ազգովի շեղվել ենք մեզ համար ի վերուստ նախանշված Ուղուց ու հայտնվել ենք ճահճում: Մենք կորցրել ենք այն փարոսը, որի լույսն է, որ մեզ պիտի ուղղորդեր դեպի ՀԱՅԻ ապագան:
-Երբ կորցնում են Ուղին,-ասում է Լաո Ձեն,- մնում է առաքինությունը, երբ կորցնում են առաքինությունը, մնում է բարոյականությունը, երբ կորցնում են բարոյականությունը, մնում է օրենքը, երբ կորցնում են օրենքը, մնում է սովորույթը, իսկ սովորույթը բարոյականի արտաքինն է միայն, և սովորույթով ապրելը սկիզբն է այլասերման:
Եվ ահա մենք էլ այսօր ապրում ենք զուտ սովորույթներով: Մենք, էապես չիմանալով, թե ինչ է հայը, կուրծք ծեծելով, պատեհ-անպատեհ մեզ հայ ենք անվանում, հասկացած չլինելով քրիստոնեական առանցքային ճշմարտությունները, զուտ ծիսական առումով միայն՝ մոմ վառելով ու խաչ հանելով ենք բավարարվում, չգիտենալով, թե ինչ է Մարդը, որոնք են Մարդ կոչվելու կարևորագույն հոգևոր-բարոյական չափորոշիչները, նորմերը մեզ մարդ ենք համարում ու մոռացության մատնած Մարդու գլխավորագույն պարտականությունները միայն խոսում ենք մեր «մարդու իրավունքներից ու ազատություններից»…
Ահա այսօր էլ, աչքաթող է արված գլխավորը՝ Ուղու ու նրանից բխող ազգի ու երկրի համար նոր տեսլականի, նոր արժեհամակարգի, եղածից էապես տարբերվող նոր կենսակերպի անցնելու հնարավոր ճանապարհների որոնումը:
Իսկ այս նոր սահմանադրություն կոչվածը հասարակությանը որևէ բարի բան տալ չի կարող: Ինչպես ասում է նույն Լաո Ձեն. «Երբ բազմապատկվում են օրենքներն ու հրամանագրերը, աճում է ավազակությունն ու թալանը…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/756161541175951
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել