ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հյուսիսային և Հարավային Կորեաներին կոչ է արել կանգ առնել և չսրել հակամարտությունը, որը կարող է վերաճել մարտական գործողությունների։
«Կողմերը պետք է զերծ մնան հետագա քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը»,- ասել է Պան Գի Մունը՝ փոխանցում է BBC-ն։
Հյուսիսային և Հարավային Կորեաներն իրենց զինված ուժերը մարտական պատրաստության են բերել՝ կապված Փխենյանի կողմից վերջնաժամկետի ներկայացման հետ. Հյուսիսային Կորեան Հարավայինից պահանջում է դադարեցնել քարոզչական հեռարձակումները սահմանային գոտում, հակառակ դեպքում Հյուսիսային Կորեան շաբաթ օրը ռազմական գործողություններ կսկսի։
Հյուսիսային Կորեան ապառազմականացված գոտում 76.2 մմ տրամաչափով հաուբիցներ է տեղակայել՝ գրում է The New York Times-ը։
Հրետանային սպառազինության տեղակայումն ապառազմականացված գոտում 1953 թվականի հրադադարի մասին համաձայնագրի խախտում է։
Ներկա պահին հարավկորեացի զինվորականները տվյալներ են հավաքում հյուսիսկորեական զորքերի մասին անօդաչուների օգնությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը վերսկսել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները։