Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չարորակ ուռուցք է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Իրֆան Սիդիգն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է տարածաշրջանային ամենակարևոր հարցերից մեկը: Հակամարտությունը չարորակ ուռուցք է, այն ստեղծում է անկայուն իրավիճակ տարածաշրջանում և խոչընդոտում է տարածաշրջանի տնտեսական համագործակցությանը»,- ասել է նա։
Դեսպանի կարծիքով՝ հակամարտության լուծումը պետք է առաջնային լինի տարածաշրջանում շահագրգիռ բոլոր կողմերի համար։
Պատասխանելով հակամարտության վերաբերյալ իր ակնկալիքների մասին հարցին՝ դեսպանն ասել է. «Ցավոք, տարվա երկրորդ կեսին ես ավելի շատ հույսեր ունեմ, քան ակնկալիքներ: Հուսով եմ, որ նախագահների (Հայաստանի և Ադրբեջանի) հերթական հանդիպման ժամանակ խաղաղ բանակցություններն ավելի լուրջ հունի մեջ կմտնեն: Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են խաղաղ բանակցությունների համապարփակ գործընթաց: Ես աջակցում եմ այդ կոչին, և կոչ եմ անում կողմերին դրական վերաբերել այդ առաջարկին»։



