Ներկայիս Թուրքիայի բնակչությունը սեփական ծագումնաբանության, իր «զտարյունության», էթնիկ պատկանելության հարցերն է այսօր փորձում բացահայտել, ինչն ինքնին, ուզեն դա, թե ոչ, զուգորդվում ու կապվում է հարյուրամյակ առաջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի բնաջնջման, նրանց հայրենազրկման, բռնի թուրքացման և մահմեդականացման գործողություններում իրենց պապերի մասնակցության գիտակցման և իրենց մեղքի չափի գնահատման հետ: Այն, որ հայերի ցեղասպանություն և հայրենազրկում տեղի է ունեցել ու դրանում ամենաակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերն ու քրդերը, խոսակցությունների, փակ արխիվների բացման և իբր անհայտ նյութերի ուսումնասիրման միջոցով ճշմարտության բացահայտման, երկկողմ գիտական բանավեճերի ու խորհրդակցությունների նյութ չի կարող հանդիսանալ, և այս ուղղությամբ թուրք կառավարողների և ինչ-ինչ նպատակներով նրանց աջակցող և իրենց համաշխարհային խոշոր տերություններ համարողների բոլոր առաջարկներն առնվազն փարիսեցիություն են և քաղաքական ճամարտակություն լինելով՝ բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Ցավոք, ժամանակ առ ժամանակ այսպիսի «քննարկումների» մասնակիցն են դառնում նաև իրենց հայ մտավորական որակող տարբեր բախտախնդիրներ, որոնց նպատակն ավելի շուտ իրենց անձի փառաբանումն ու ազգիս ճակատագրով «մտահոգ» «նվիրյալ» երևալն է: Ցեղասպանության և հայերիս հայրենազրկման եղելության քննարկման ցանկացած առաջարկ, միջազգային ո’ր հեղինակավոր կառույցի կամ անհատի կողմից էլ այն հնչեցվի, հայության ազգային արժանապատվությունը խիստ վիրավորող, հետևաբար և անընդունելի է ու մերժելի:
Կարծում եմ այսօր, ավելի քան երբևէ, թուրքերը պետք է փորձեն հասկանալ, որ անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններում իրենք մեծ հաշվով կացնի դեր կատարեցին: Կացինը բռնող, ուղղորդող ձեռքը պիտի գտնվի. ահա այստեղ է, որ թուրք ժողովուրդը, նրա մտավորականությունը, պատմագետներն ու պատմաբանները՝ բոլորը, գործ ունեն անելու: Նրանք է, որ պիտի բացահայտեն, թե ով էին և որտեղից հայտնվեցին երիտթուրք կոչված այդ տականքները, ինչ խորքային խնդիրներ էին հետապնդում, նպատակը միայն սուլթանի տապալո՞ւմն էր արդյոք, Թուրքիո մասնատումը և նրա հզորության չեզոքացումը, թե երկրին անշահախնդիր ծառայող հայերի փոխարեն, իրենց նմաններին որպես թուրքական պետության «մենեջերներ» կարգելն ու այդ երկրի կառավարումն իրենց ձեռքը վերցնելն էր: Ահա այս է գլխավոր խնդիրը: Այդ ձեռքն էր, որ այն ժամանակ օգտագործեց թուրքերի հետամնացությունը և նրա միջոցով իրականացրեց հայերի տեղահանումն ու ցեղասպանությունը՝ թուրք տարրի ճակատին հավերժ խարանելով ջարդարարի պիտակը, որպեսզի ուզած վայրկյանին կարողանա մատ թափ տալով Թուրքիո վրա իր ցանկություններն իրականացնել: Չէ՞ որ այսօր ով ասես, Վրաստանն անգամ, հայ-թուրքական հարաբերություններում առկա բարդույթների օգտագործման և դրանց խաղարկման շնորհիվ Թուրքիայից, շանտաժի միջոցով, ցանկացած հարցում իր համար առավելագույն արտոնություններ է կորզում, էլ չեմ խոսում համաշխարհային խոշոր տերությունների մասին, որոնք առանց խղճի խայթ անգամ զգալու, քանզի հայերի ցեզասպանությունը իրականացվել, ուղղորդվել և հովանավորվել է հենց իրենց` խոշոր տերությունների հանցավոր անտարբերության և զանցաթողության մթնոլորտում, Հայկական հարցը որպես սաստող մահակ են օգտագործում՝ Թուրքիայի գլխին հարկ եղած դեպքում բամփելով իրենց ուզած ուղղությամբ նրան ծռելու համար:
Միայն վերոհիշյալ մտայնությամբ առաջնորդվելով է, որ թուրքերը կարող են գոնե ներքուստ` իրենց համար, բացահայտել իրենց մեղքի չափը մեր հայրենազրկման մեջ, որի շնորհիվ իրենք կգտնեն իրենց այսօրվա` արտաքուստ գոռոզ, թվացյալ հպարտ, սակայն ներքուստ, վստահ եմ, թերարժեք-բարդութավորված վիճակի բուն պատճառները և դրանով է, որ հայ-թուրքական խնդրի լուծման բոլորովին նոր ուղիներ կարող են բացվել:
Այսօր թուրք հասարակության կյանքում եթե նկատվում էլ են ճշմարիտ ուղղությամբ որոշակի գործողություններ, ասենք «բոլորս հայ ենք» շարժման նման շարժումներ և այլն, ապա սրան հակառակ հատկապես քաղաքական, կուսակցական, հասարակական, մանավանդ ազգայնական գործունեություն ծավալած, իրենց թուրք ժողովրդի առաջնորդներ ու փրկիչներ համարող բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակներում մեկմեկու մեղադրանքներ են ներկայացվում հայկական արմատներ ունենալու, հետևաբար և ոչ լիարժեք` «կիսատ» թուրքեր լինելու մեջ: Սրանք ինքենք էլ հավանաբար, չեն հասկանում կամ ավելի շուտ չհասկանալու են տալիս, որ հայի գեներով «պղծված» լինելն է թուրք միջինից շատ ավելի բարձր մտավոր կարողություններով և համակարգային առավել ընդգրկուն մտածողությամբ իրենց օժտվածության գլխավոր պատճառը և դրանով իսկ իրենց հասարակական բարձր դիրքեր զբաղեցնելու գլխավոր գրավականը, և եթե իրենք իսկապես ցանկանում են ազատել իրենց ժողովրդին իրենց իսկ գեներում եղած «հայկականությունից», ապա միակ ուղին ազգովի ինքնաոչնչացումն է` խարակիրին: Այս հարցով մեր թուրք բարեկամները կարող են խորհրդակցել մեր ոխերիմ եղբայրների` վրացիների հետ, քանզի նրանք շատ ավելի երկար ժամանակ է, որ տառապում են իրենց մեջ հայկականության որոնման ու բացահայտման անբուժելի հիվանդությամբ:
Թուրք ժողովրդի համար միակ ճշմարիտ ուղին սեփական պատմության խոր վերլուծության միջոցով հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների բուն, խորքային պատճառների բացահայտումն է, սեփական մեղքի գիտակցումն ու զղջումը: Այս և միայն այս պարագայում է, որ յուրաքանչյուր թուրք մարդ իր մեջ եղած հայկական արմատները ոչ թե փորձ կանի թաքցնել կամ չքմեղանալ ու ժխտել, ինչին որ ականատես ենք այսօր, այլ հակառակը` իր պապերի արածը գիտակցած, զղջացած ու ոչ ձևական ապաշխարած լինելուց հետո միայն անկեղծորեն կհպարտանա այդ արմատներով ու իր հայկական ծագումով, դրանով իսկ նոր` հաստատուն և մնայուն հաղորդակցության կամուրջ կբացվի հայ և թուրք ժողովուրդների միջև: