Հայկական կոնյակը 20-րդ դարասկզբին... Դեռևս 1887 թ. հիմնադրված Երևանի կոնյակի գործարանը 1899 թ. սեփականատեր Ներսես Թաիրյանը ֆինանսական խնդիրների պատճառով վաճառում է «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը: Նոր սեփականատերերը կարողանում են կարճ ժամանակամիջոցում արդիականացնել և ընդլայնել կոնյակի արտադրությունը Երևանում: Այս հարցում կարևոր նշանակություն ունեցավ նաև Մկրտիչ Մուսինյանի՝ Երևանի կոնյակի գործարանի կառավարիչ դառնալը: Մուսինյանը գինեգործության ու կոնյակի արտադրության գծով բարձրագույն կրթություն էր ստացել Ֆրանսիայում և հիանալի տիրապետում էր կոնյակի արտադրության տեխնոլոգիաների բոլոր մասնագիտական նրբություններին:
Այդպես սկսվում է հայկական կոնյակագործության նոր վերելքը, և շատ արագ Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը հասնում է եվրոպական բարձր չափանիշների մակարդակի՝ ստանալով բազմաթիվ պարգևներ միջազգային տարբեր ցուցահանդեսներում: Նկարում պատկերված է 20-րդ դարասկզբի շիշ, որի պիտակի վրա գրված է. «Золотая марка. Натуральный Кавказский Коньяк. Товарищество Н.Л.Шустов с С-ми в ЭРИВАНИ». Ներկայացված է նաև գովազդ՝ 1901 թ. Գլազգոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում բարձրագույն պարգևին արժանանալու վերաբերյալ: Հաջորդը մի հուշանվեր-մոխրաման է Շուստովի ընկերության հանրահայտ զանգ-լոգոյով: Հուշանվերի վրա կայսերական զինանշանի տակ գրված է. «Поставщики Двора Его Императорского Величества, 1912 г.». Ի դեպ, նույն այդ գրությունն ու կայսերական զինանշանն է պատկերված նաև շշի կլոր պիտակի վրա:



