Tert.am-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին վերագրվող հանցագործությունների դեպքում խոսքը ենթադրյալ հանցագործության մասին, իսկ հանցագործության դեպքում պետք է պարզել, թե ովքեր են մեղավորները և համապատասխան եզրակացության հանգել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար, իրավաբան Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի պատժում ՀՖՖ նախագահին:
«Հստակ գնահատականներն, ի վերջո, լինում են միայն այն դեպքում, երբ լինում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը: Ցանկացած դեպքում, ես կարծում եմ, նման հարցերում իրենց խոսքը պետք է ասեն իրավապահները»,- ասաց Դավիթ Հարությունյանը:Ըստ վերջինիս, եթե մարդուն մեղադրում են շատ լուրջ արարքի մեջ, անհրաժեշտ է, որպեսզի իրավապահները կատարեն իրենց կողմից անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բացահայտելու համար:
Ասեկոսները, ըստ Դավիթ Հարությունյանի, կարող է վերաբերել յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի. «Յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք անցնելու նման իրավիճակով, այդ թվում՝ ես: Եվ ես կհամարեի ամենավտանգավոր բանը, երբ ընդամենը ասեկոսեների և հայտարարությունների հիման վրա կատարվեին խորը եզրակացություններ, հեռուն գնացող եզրակացություններ»:
Հիշեցնենք, որ այսօր «Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրեն Արսեն Ավետիսյանը, ով օրեր առաջ ծեծի էր ենթարկվել, բաց նամակ է տարածել, որում նշվում է, որ ինքն ընդունում է իրեն մեկնված հաշտության ձեռքը և հասկացնել տվել, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդիրները։ Նա նաև տեսակետ է հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անդրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության վրա, որից կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը:
Այն, որ Ռուբեն Հայրապետյանը փորձել է հաշտվել «Էյր Արմենիայի» տնօրենի հետ, չի՞ ապացուցում, որ նա մեղավոր է: Այս հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե ձեզ համար ակնհայտ է, ապա ես միայն մի բան կարող եմ ասել, որ լավ է, որ դուք իրավապահ մարմին չեք, քանի որ դուք իսկապես մարդուն կարող էինք ազատազրկման դատապարտել ընդամենն այն պատճառով, որ ձեր կարծիքով մեղավոր է»:



