Տարբերակ առաջին` դու հարմարվում ես եղած վիճակին, գլուխդ կախ, մեջքդ ծուռ ապրում ես, վատնում տարիներդ: Դժգոհում ես, փնթփնթում, բայց ոչինչ չես անում: Վախենում ես, որ հետդ մի բան կանեն: Բայց ի՞նչ պետք է անեն. ոչ բիզնես ունես, որ խլեն, ոչ մութ անցյալ ունես, որ բացահայտեն, թե՞ ունես: Ու այդպես, շառդ քաշած ապրում ես: Հետևանքն այն է, որ մի օր աչքերդ կբացես ու կտեսնես, որ կյանքդ անցավ կռացած, դու ոչինչ չարեցիր, քեզ ոչ ոք չվնասեց, որովհետև քեզ ոչ ոք չի էլ նկատել: Դու վախեցար ինչ-որ բան անել, որ վատ չլինի, բայց ստացվեց ավելի վատ: Ու երբ դու սա կհասկանաս, անվերադաձ ուշ կլինի:
Տարբերակ երկրորդ` դու տեսնում ես, որ ամեն ինչ շատ վատ է, բայց ոչինչ չես անում: Ու որպիսի թաքցնես քո ներքին կոնֆլիկտը, դառնում ես ցինիկ, ամեն ինչին նայում ես քո անհոգ ցինիկության դիրքերից: Դե, ասենք, դու խրված ես կեղտի մեջ, բայց քանի որ էդտեղ տաք է, ուրեմն լավ է ու հաճելի: Որքան շատանում է կեղտը, այնքան մեծանում է քո ցինիկությունը: Դու անընդհատ նոր կեղտի կարիք ունես, դա է սնուցում քո կյանքը: Բայց գալիս է մի օր, երբ հասկանում ես, որ կեղտը սառել է, քարացել, կպել քո մարմնին, դարձել է քո մի մասը, ու արդեն տաք չի, դու մրսում ես: Բայց արդեն ուշ է` նա քո մի մասն է, դու էլ նրա: Դու նա ես:
Տարբերակ երրորդ` կամ դու ես քցում, կամ քեզ են քցում: Դու որոշում ես լինել քցողների մեջ: Խաբում ես մարդկանց, շողոքորթում, գողանում, սպանում, բարձրանում ես կարիերայի սանդուղքով ու հասնում քո ուզածին: Ուժեղները հաղթում են, թույլերը մեռնում: Տեսակների պայքար է: Ամեն ինչ արդարացված է, բնության մեջ անարդարություն չկա: Բայց կարող են վատ ժամանակներ գալ, օրինակ` հեղափոխություն: Ու քո հետ կվարվեն այնպես, ինչպես որ դու ես վարվել մարդկանց հետ ողջ կյանքդ: Այդպես կվարվեն նաև կնոջդ, երեխաներիդ ու թոռներիդ հետ: Բայց ամեն ինչ արդար է, բնության մեջ անարդարություն չկա:
Տարբերակ չորրորդ` դու պարկեշտ քաղաքացի ես, ոչ ոքի չես խաբում, ապրում ես քո արդար աշխատանքով, ժամանակ առ ժամանակ էլ դուրս ես գալիս փողոց` քո պես քաղաքացիների հետ պայքարելու հանուն արդարության: Բայց կարող է ստացվել, կարող է և` ոչ: Հավանականությունը 50/50 է: Քաղաքացիական պայքարը նման է մաֆիային` սևերը միշտ ճանաչում են իրար, կարմիրները` ոչ: Կարմիրներից ոմանք էլ խաղում են շատ վատ, տգետ են ու հիմար: Ու հենց կարմիրների պատճառով էլ կարմիրները պարտվում են: Կարող է ավելի վատ լինել` հանկարծ պարզվի, որ այդ վատ խաղացող կարմիրը հենց դու ես:
Բայց պարտվելու վախը չպետք է խանգարի, որ դու քայլ կատարես հաղթելու համար։