Լեհական ԶԼՄ-ները հաղորդում են անհավանական մի գտածոյի մասին. երկու լեհ տղամարդիկ հայտնաբերել են Երրորդ Ռայխի կորած մի զրահագնացք, որը բերնեբերան լցված է եղել ոսկով։ Համարվում էր, որ այս գնացքն անհետացել էր 1945 թվականին Վրոցլավ քաղաքի մոտակայքում։

Ինչպես հաղորդում է BBC-ն, հղում անելով լեհ լրագրողների վրա, բացի ոսկուց՝ գնացքում գտել են մեծ քանակությամբ զարդեր ու զենք։ Իրենց հայտնագործության մասին երկու ընկերները՝ մեկը՝ լեհ, մյուսը՝ գերմանացի, հայտնել են իրավաբանական մի ընկերության, իսկ ընկերությունն իր հերթին կապվել է ԶԼՄ-ների հետ։ Այս գանձը հայտնաբերած հերոսները հայտարարել են, որ իրենք պահանջելու են ոսկու ընդհանուր արժողության՝ օրենքով իրենց հասանելիք 10 տոկոսը։

Լեհական ԶԼՄ-ները նշում են, որ ոսկով բեռնված գնացքի մասին լեգենդներն այդ տեղանքում վաղուց էին տարածված։ Ասում էին, որ այն անհետացել է Կսենժ ամրոցի մոտակայքում։ Ի դեպ, իրավաբանական այն ընկերությունը, որը հայտարարել է այս գտածոյի մասին, գրանցված է Վալբժիխ քաղաքում, որը գտնվում է վերոնշյալ ամրոցից 3 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքի իշխանությունները թերահավատորեն են մոտեցել այս աղմկահարույց լուրին, բայցևայնպես, հայտնաբերված գնացքի ենթադրյալ վայր ուղարկեցին զինվորականների, ոստիկանների, հրշեջների ու իրավաբանների խումբ։ «Այս տարածքում երբեք պեղումներ չեն անցկացվել, և մենք չգիտենք, թե ինչ կարող ենք գտնել այնտեղ», – ասել է քաղաքի աշխատակազմի ղեկավար Մարիկա Տոկարսկան։

Որոշ լեհական պարբերականների էջերում գրվել է, որ գնացքն իր վագոններով ունի 150 մետր երկարություն, և դրա մեջ կարող է 300 տոննա ոսկի լինել։ Պատմաբան Ջոաննա Լամպարսկան պատմել է վրոցլավյան ռադիոյին, որ գնացքը հավանաբար կորել է թունելում, ու բացի ոսկուց՝ այն տեղափոխելիս է եղել «վտանգավոր նյութեր»։ Այսքանով հանդերձ՝ մինչ այժմ այն գտնել չէր հաջողվում, չնայած որ բավականին սկուրպուլյոզ որոնումներ են իրականացվել։

Ընդունված է համարել, որ Կարմիր բանակի գալուց առաջ ֆաշիստները փորձում էին դուրս հանել Լեհաստանից Ռայխի գանձերն ու ոսկով ու գանձերով բեռնված զրահագնացքը, որը, մտնելով Ստորին Սիլեզիայի բազմաթիվ թունելներից մեկը, այդպես էլ դուրս չէր եկել այնտեղից։ Ամեն դեպքում, ստեղծված հատուկ հանձնաժողովն այժմ ստուգում է հայտնագործության մասին հայտարարությունը։ Ավելի վաղ էլ հայտարարվել էր, որ Սաքսոնիայում հայտնաբերել էին ստորգետնյա թաքստոց, որտեղ Ադոլֆ Հիտլերը պահում էր էլիտար ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ ու որոշ մթերքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել