Հարկային ոլորտում վերջին 5 տարիներին իրականացված բարեփոխումները շոշափելի են դարձրել տվյալ ոլորտի դրական առաջընթացը:
Աշխատանքներ են տարվել հարկային վարչարարության թափանցիկության բարձրացման, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:
Խոսելով թափանցիկությունից՝ պետք է առանձնացնել էլեկտրոնային հաշվետվությունների կիրառումը: Եթե 2011թ.-ին հարկ վճարողների միայն 7 տոկոսն էր իր հաշվետվությունը ներկայացնում էլեկտրոնային տարբերակով, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 95 տոկոսի:
Պլանավորվում է, որ հաջորդ տարվանից հարկային հաշիվ չհամարվող մնացած փաստաթղթերը նույնպես դուրս կգրվեն էլեկտրոնային եղանակով: Այդ ամենը կնպաստի ոչ միայն հարկային վարչարարության բարձրացմանը և հարկային մարմնի ու վճարողի միջև շփման նվազեցմանը, այլ նաև կկրճատի հարկային ստուգումները:
Բարեփոխումներն ունեն շարունակական բնույթ, և մոտ ապագայում կարելի է սպասել նորարարությունների: Մասնավորապես, արդեն ներկայացվել են մեկ գանձապետական հաշվի գաղափարը, հարկերի էլեկտրոնային եղանակով վճարման համակարգի ներդրման և երրորդ անձանցից ստացված տեղեկատվության մշակման համակարգի զարգացման հեռանկարը: