Panorama.am-ը գրում է.
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա նվիրական մի իրադարձություն` Մյուռոնօրհնեք, որի պատրաստությունները սկսվում են 40 օր առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
«Ահա, երեկ ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին և փակվեց շղարշե ծածկոցով: Այսուհետև ամեն օր` երեկոյան ժամերգությունից հետո, կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք: Ուստի մինչև Վեհափառ Հայրապետի կողմից Մյուռոնի օրհնությունը, միասին վիրտուալ հոգևոր ճանապարհորդություն կկատարենք` ամեն օր ծանոթանալով Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը և հարակից մյուս խնդիրներին: Կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու, ինչպես նաև շահեկան մեր մտքի և հոգու համար: Այնպես որ 40 օր զինվում ենք հոգևոր գիտելիքներով` նաև համացանցի միջոցով պատրաստվելով Մյուռոնի սրբազան արարողությանը: Հետևե´ք, տարածե´ք և օգտվե´ք»,- գրել է Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ Մյուռոնի (օրհնված կարագ կամ յուղ) օրհնությունը վերապահվում էր միայն Եկեղեցու նվիրյալ հովվապետին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սուրբ Մյուռոնօրհնեքը կատարվում է յոթ տարին մեկ անգամ: Սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացների խմբեր, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից հավատացյալներ են ժամանում Հայաստան` այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար: Մյուռոնօրհնեքի նախորդ և հաջորդ օրերին տեղի են ունենան մի շարք միջոցառումներ:
Մայր Աթոռի պաշտոնական կայքում եկեղեցու ծիսական այս արարողության մասին գրված է.
«Միածնի Իջման Սուրբ Խորանի բեմից Հայոց Հայրապետը Աստծու մասնակցությունն է հայցում Մյուռոնօրհնության արարողությանը, որպեսզի Սուրբ Հոգին, բնակվելով օրհնվող յուղի մեջ, կենդանացնի քաղցրաբույր յուղը, սրբացնի այն եւ Իր շնորհները բաշխի նրանով օծվածներին: Եվ Սուրբ Հոգու Էջքը խորհրդանշող զանգերի ուրախ ղողանջի ներքո հին մյուռոնը խառնվում է նորի հետ, ինչպես շարունակվող առաքելական ժառանգությունը եւ մեր Եկեղեցին հիմնելու ավանդույթը:
Սուրբ Մյուռոնի գաղափարը հաստատվել է Աստծո կողմից: Երբ Աստված խոսեց Մովսեսի հետ Սինա լեռան վրա, ասաց. «Վերցրու անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարյուր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ` երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույշ խնկեղեգ, հինգ հարյուր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձեթ: Դրանից կպատրաստես սուրբ օծության համար յուղ այնպես, ինչպես վարպետ յուղագործները ձեթ են պատրաստում: Այն սուրբ օծության համար յուղ թող լինի»:
Սուրբ Մյուռոնի բաղադրամասերը խորհրդանշում են սրբագործող զորությունը, որի ամբողջականությունն ու խորհրդի միասնությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է:
Սուրբ Մյուռոնի պատրաստման հիմքում ընկած հիմնական տարրը մատղաշ ձիթենու պտուղների մաքուր, զտված ձեթն է, որին ավելացվում է բալասան եւ 40 տեսակի հոտավետ համեմունքներ, ծաղիկներ, քաղցրաբույր բույսեր, արմատների հյութեր եւ ծաղկահյութեր, ինչպես նաեւ տարբեր խնկեր ու բույսերի տերեւներից քամված հյութեր:
Սուրբ Մյուռոնի բաղադրամասերից յուրաքանչյուրն ավելացվում է սահմանված որոշակի չափով ու քանակով: Դրանց մեծ մասը Հայաստան է բերվում արեւելյան երկրներից:
Ընտրված քանակությամբ բաղադրամասերը տրորվում են, քամվում եւ խառնվում ձիթենու յուղին, սպիտակ գինուն, վարդի հյութին եւ այլ ծաղկահյութերին Սուրբ Էջմիածնի Միաբանության անդամների կողմից, որոնց կողմից կատարվում է նաեւ աղոթք եւ խնկարկություն: Մինչ Մյուռոնի եփելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձին-առանձին օրհնում է դրա բոլոր բաղադրամասերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



