Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող երևույթ մըն է. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի։ Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ, վասնզի պետք է գիտենալ, թե ամեն գեղարվեստ,- ինչպես՝ երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն և այլն,- շարժում է։ Ամեն կյանքի մեջ պար կա։ Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար չէ՞։ Մարդկային կյանքին մեջ երկու տեսակ պար կա. մին՝ ուրախական, մյուսը՝ տխրական։ Թեև մարդիկ ներկայիս առաջինը կընեն, բայց հին ժամանակներում՝ տխրականն ալ տեղի կունենար, ինչպես մեր մեջ մեռելական պարեր, զորս հուղարկավորությանց ատեն կկատարեյին մեր նախնիք, իրենց տրտմության զգացումներուն համապատասխան շարժումներ առաջ բերելով։ Պարն ալ ձայնական երգի նման առաջանալով, ողբերգության հասած է, իր զարգացումն ունեցած է օպերայի մեջ՝ քաղաքակիրթ ազգերի մոտ։

Մտավոր զարգացումի աստիճանին վրա կը գտնվի պարի շարժումն ալ։ Ուրեմն ազգի մը քաղաքակրթությանն է կապված իր պարին շարժումներու զարգացումը։

Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը։

Կոմիտաս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել