Image result for արման մելիքյանՀայաստանի գործող իշխանությունների սահմանափակ գործունակության պայմաններում լուրջ խնդիրներ են առաջանում քաղաքագիտական-վերլուծական աշխատանքների մասնագիտական պատշաճ որակն ապահովելու և դրանց արդյունքներին գործնական կիրառում տալու տեսանկյունից: Բանն այն է, որ արտաքին գործոններից կախման մեջ գտնվող իշխանությունը, զուրկ լինելով ինքնուրույն արտաքին ու ներքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, չի կարող օգտակար և կիրառելի համարել անկախ հետազոտողների աշխատանքի արդյունքում ստեղծվող գիտելիքը և սեփական գործողությունների արդարացումն ապահովելու համար ստիպված է հենվել իրենից կախում ունեցող անձանց «մասնագիտական» կարծիքների վրա: Այդ կարծիքներն էլ, սովորաբար, ոչ թե իշխանական վերնախավի այս կամ այն գործողության նախնական հիմնավորում-ուղեցույցն են, այլ պոստ-ֆակտում արդարացումը: Շատ կարևոր է իմանալ, որ մասնագիտական բարձր որակավորում ունեցող քաղաքագետ-վերլուծաբանը ոչ թե պետք է առավելապես հանդես գա արդեն իսկ տեղի ունեցածի պատճառների բացատրություններով, այլ արժանահավատ և նախատեսված ժամանակային շրջանակներում իրականություն դարձող կանխատեսումներով: Սա բավականին բարդ, բայց նաև լուծելի խնդիր է, և որքան շատ լինեն այս կարգի մասնագետները մեզանում, այնքան ավելի մեծ կլինի նախ՝ Հայաստանի ինտելեկտուալ, ապա նաև՝ իրական պետական անկախության աստիճանը: Մեզանում առայժմ իշխանություն կոչված ֆենոմենն ուսումնասիրության առարկա երբևէ չի եղել, և, միգուցե, դա նաև բնական է, քանի որ հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետական ինքնիշխանությունից՝ մենք դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը չենք գիտակցել: Կան նրբություններ, որոնք պետք է դասավանդվեն հատուկ կուրսերի միջոցով մասնագիտական կրթական հաստատությունների մագիստրատուրայում, ակադեմիական ասպիրանտուրայում, ինչպես նաև արդեն որոշակի դիրք և փորձառություն ձեռք բերած պետական ծառայողների շրջանում: ՀՀ ԲՈՒՀ-երում և ԳԱԱ համակարգում դա հնարավոր է անել անգամ մեր այս քաղաքական կիսակախյալ վիճակում, պարզապես ասվածի կարևորությունը պիտի գիտակցվի մեր ընդհանուր ապագան ապահովելու առաջնայնության համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել