Նայում ես մեր չինովնիկների ու քաղաքական գործիչների հաշվետվություններին, որոնք վերջիններս տրամադրում են էթիկայի հանձնաժողովին, ու ապուշ ես կտրում։ Անգամ այն պարագայում, երբ բոլորի համար էլ պարզ ու ակնհայտ բան է, որ դրանցում մեծամասամբ հայտարարագրվում է միայն ունեցվածքի չնչին մասը, միևնույն է, տպավորություն է ստեղծվում, որ մեր քաղաքական վերնախավն արաբական շեյխերից է բաղկացած։ Ու կրկնեմ՝ հաշվետվություններում անգամ ողջ ունեցվածքն էլ չեն նշում։
Այ հենց այստեղ էլ թաղված է մեր տնտեսության տխուր վիճակի համար պատասխանատու շան գլուխը։ Հասկանո՞ւմ եք, ըստ էության, դեպի ծովի ելք չունենալը, կիսամեկուսացվածությունը և այլ ավանդական դարձած արդարացումները երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն։ Բյուջեի կատարողականությունն այսօր տխուր վիճակում է, որովհետև տարիներ շարունակ կթել ու կթում են փոքր ու միջին բիզնեսը, աղքատին ու չքավորին, իսկ խոշոր ձկներն ինչպես միշտ ամենաարտոնյալ դիրքերում են։
Այն օրվանից, երբ մեր իշխանություններն իրականում կսկսեն պայքարել ստվերի դեմ ու ոչ միայն մանր ու միջին բիզնես ոլորտներում, այլ ամենախոշոր, այն օրվանից, երբ օլիգարխներն ու մեծահարուստները կսկսեն ենթարկվել օրենքներին ճիշտ այնպես, ինչպես հասարակ քաղաքացիները, երբ նրանց կստիպեն դուրս բերել ստվերից իրենց ունեցվածքն ու բիզնեսները, այդ օրվանից մենք չենք ունենա հարկային կատարողականության խնդիր, իսկ այս խեղճուկրակ ժողովուրդի բարեկեցությունը մի քանի գլուխ ավելի լավը կլինի։ Բայց դե, ինչի՞ մասին է խոսքը, հեքիաթներին արդեն անգամ երեխաները չեն հավատում։