Մեր Եկեղեցու ծիսական կյանքի համաձայն` Տաղավար տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու անբաժանելի մասն են, որոնք պարզապես ֆիզիկապես և ժամանակավոր մեզ հետ չեն: Ուստի հայերենում նման մարդկանց համար գործածում ենք «ննջեցյալ» բառը, այսինքն` նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են, քնած` մեկ օր արթնանալու հույսով և հարության հավատով: Հիսուսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա, քանզի աներկբա հավատում ենք, որ ինչպես Տերը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Առանց այս հարության հավատքի և համոզման քրիստոնեություն չկա: Չես կարող լինել քրիստոնյա և չհավատալ մեռելների հարությանը: Ննջեցյալի համար կարևոր են ոչ թե ճոխ թաղումն ու պերճ խոսքերը, այլ երկու բան` մշտամնա աղոթք նրա հոգու հանգստյան համար և խնդրանք, որպեսզի Աստված նրան Իր անբավ ողորմությամբ դատի, ինչպես նաև նրա հիշատակի պահպանում ընտանիքում և շրջապատում: Քանի դեռ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին և նրանց համար աղոթում, նրանք կենդանի են մեզ համար: Հետևաբար, մարդասեր Աստված թող գթա մեր բոլոր ննջեցյալներին իր անբավ ողորմությամբ, իսկ մեզ պարուրի հարության հույսով և ավետիսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել