Վիշապը մի երկրի վրա աչք ուներ՝ ուզեց գրավել, վրան տուրք դնել, իրենով անել: Հետն էլ որոշեց մի ազնվական կերպարով երևալ, որ իր էությունը թաքցնի: Եվ հերոսի կերպ առավ. եղավ կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով, թիկնեղ մի տղամարդ՝ սպիտակ նժույգ հեծած: Ու նոր միայն իր զորքով ու զենքով, իր սարքով ու կարգով այդ երկիր մտավ: Նրան դիմավորեցին, առջևը խոյ ու ոչխար զոհեցին, տարան, երկրի վերին գլուխ նստեցրեցին:
Ժամանակ անցավ: Երկրի մարդիկ սկսեցին հասկանալ, որ կապուտաչյա տղամարդու պատկերի տակ վիշապ է թաքնված: Վիշապն էլ գլխի ընկավ, որ իր խաբեությունը բացվելու է: Նա գնաց այդ երկրի մի լեռնոտ ծայրամաս, որտեղ իրեն սիրում էին: Այնտեղ մի խառնակեցիկ կին էր ապրում: Սրա տարիքը հազար տարուց ավելի էր, բայց տեսքով ջահել էր ու գեղեցիկ: Վիշապը լսել էր նրա մասին և հանդիպեց հետը: Տարփուհու ծնկները դողացին՝ կապուտաչյա ազնվականն իր սրտով էր: Երկուսով մի մութ քարանձավ քաշվեցին և մի գիշեր մնացին այնտեղ: Անցավ ինը ամիս, և կինը վիշապի ձագ ծնեց: Նա մորն էր քաշել՝ սև աչքերով ու թուխ երեսով էր:
Այդ օրը մի գյուղացի մարդ ու կին էլ երեխա էին ունեցել: Վիշապին ու իր տարփածուին հաջողվեց իրենց ձագին դնել երեխայի տեղը, իսկ նորածնին տարան ու անտեր գցեցին անտառում:
Վիշապի ձագը մեծացավ գյուղացու ընտանիքում, երիտասարդ տղամարդ դարձավ և գործի մտավ մի հաստատություն, որի գաղտնի տերը վիշապն էր: Մի օր էլ վիշապն ու խառնակեցիկ կինը նրան կանչեցին և ասացին. - «Դու մեր որդին ես: Դու վիշապի ձագ ես: Սրանից հետո կլսես միայն մեզ: Մենք կօգնենք, որ դառնաս երկրի թագավոր: Բայց մի պայման կա՝ մեզ պետք է լսես մինչև քո վերջին շունչը»:
Վիշապի ձագը դարձավ երկրի թագավոր: Վիշապը հանգիստ շունչ քաշեց: Ու մտածում էր. «Եթե այս երկրի հերոսները ինձ ուզենան քշել իրենց երկրից, էն լեռնոտ տեղի քարանձավը կմտնեմ և կապրեմ էն տեղացի կնոջ հետ: Համ էլ ի՞նչ եմ մտածում – որդիս՝ թագավոր, կինս՝ թագավորամայր, ես՝ վիշապ: Ինչքան էլ չլինի՝ էս երկրի սանձը մի երկու հարյուր տարի կպահենք»:
Գրի առավ ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆԸ
14 օգոստոսի 2015
(«Իմ Մայրենին» ձեռնարկի նյութերից (©))