Կառավարությունը որոշել է պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Գնորդը պարտավորվում է առնվազն վեց ամիս ժամկետով և առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը:
Այս ընկերությունը նպատակ ունի մարզահամերգային համալիրի ձեռքբերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը չորս տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն ԱՄՆ դոլարը: Կստեղծվի առնվազն 250 աշխատատեղ:
Վաճառքի մասին լուրերի ի հայտ գալուց հետո հասարակական լայն շերտեր համախմբված կրկնում են, թե «համալիրը մեր խորհրդանիշն է, պետք չի ձեռք տալ կամ ինչպե՞ս կարելի է այն վաճառել»: Հարկ է հիշել, որ ընդամենը մեկ տարի առաջ Մարզահամերգային համալիրը պատկանում էր մասնավոր ընկերության, մի տեսակ արհեստական բնույթի դժգոհության ալիքն այդքան էլ տեղին չէ, քանի որ Մարզահամերգայինը վաղուց այլևս պետական չէր:
Մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությունը մասնավորեցվել է 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:
1983 թվականին կառուցված համալիրում բացումից կարճ ժամանակ անց հրդեհ է բռնկվել, որի պատճառները բավականին խորհրդավոր են: ԽՍՀՄ փլուզումից հետո համալիրը երկար ժամանակ գտնվում էր անմխիթար վիճակում, մինչև որ 2005 թվականին վաճառվեց ԲԱՄՕ-ին ու նորոգվեց: ԲԱՄՕ ընկերության սեփականատերերը` եղբայրներ Հովհաննես, Հակոբ և Մուրադ Մուրադյանները, ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ կառավարությունը գումարը հատկացրել է Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Բորիս Մուրադյանը հաստատել էր նման գործարքի գոյության փաստը:
Այդ ժամանակահատվածում ԲԱՄՕ-ն մի քանի անգամ փորձել է վաճառել համալիրը:
Սերժ Սարգսյանն անձամբ է հրահանգել մարզահամերգային համալիրը «վերցնել» ԲԱՄՕ-ի ձեռքից՝ պարտքի դիմաց: Դրա համար էլ ԴԱՀԿ ծառայությունը 2014 թվականին հետևողականորեն աճուրդի է դրել համալիրի շենքը, և գնորդ չլինելու պատճառով Կառավարության որոշմամբ շինությունն անցել է ՊՆ-ի տիրապետության տակ:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն չի շեղվել իր առջև դրված խնդիրներից, տարիներ շարունակ կառույցը ծառայել է որպես զուտ մարզահամերգային համալիր: Այն երբևէ չի դիտարկվել որպես բիզնես-պրոյեկտ: