Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ հերթական փաստաթուղթն է ստորագրվել, ինչը նշանակում է, որ գործընթացն սկսվել է, այսինքն՝ շինարարությունը մենք հաջորդ շաբաթ սկսելու ենք: Համոզված եմ, որ Իրանի հետ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Ես լիահույս եմ, որ Հայաստանի ու Իրանի համար տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ճանապարհին նոր հեռանկարներ են ուրվագծվել, և մենք ջանք չենք խնայելու իրացնելու բոլոր հնարավորությունները»:
Բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը շատ կարևոր է ՀՀ համար և իր չափավոր դրական ազդեցությունը կունենա արդեն շինարարության փուլում: Այս էլեկտրահաղորդման գծերից կախված էր նաև Երևանի ՋԷԿ-ի հզորությունների մեծացումը, քանի որ հակառակ դեպքում, եթե նույնիսկ ավելացվեին այդ հզորությունները, հնարավոր չէր լինի դրանք տեղափոխել դեպի Իրան: Էլեկտրահաղորդման գծերի կառուցումն էապես կմեծացնի Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը, իսկ Հայաստանից արտահանվող էլ.էներգիայի և Իրանից ներկրվող գազի ծավալները գրեթե կկրկնապատկվեն, ինչը կհանգեցնի Իրանից ներմուծվող գազի ինքնարժեքի նվազեցմանը և այլն:
Այս նախագծով վերանում են նաև ռիսկերը` կապված այն բանի հետ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Իրանին հասանելի կլինեն Արևմտյան և Ճապոնական տեխնոլոգիաները, և նա դրանից հետո կարիք չի ունենա այդ մասով ՀՀ հետ համագործակցելու, և «էլ.էներգիա գազի դիմաց» գործարքը կչեղարկվի:
Պատժամիջոցների վերացումից հետո Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ավելացումը պայմանավորված է մի քանի գործոններով.
Պատժամիջոցներով պայմանավորված՝ Իրանն ամեն կերպ փորձում էր պաշտպանել ներքին արտադրողին, այդ պատճառով շատ բարձր ներմուծման մաքսատուրքեր էր սահմանում, իսկ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը պետք է բացի իր տնտեսությունն օտարերկրյա ներդրողների համար և դրանով պայմանավորված պետք է նվազեցնի մաքսավճարները, որի հետևանքով հայկական ապրանքների մրցունակությունը կբարձրանա իրանական շուկայում, ինչը կհանգեցի դեպի Իրան արտահանման մեծացմանը, բացի դա, Իրանի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ավելանալու են նաև նրանց պահանջմունքները, ինչը ևս մեկ խթան է հանդիսանում Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացման:
Բացի տնտեսական արդյունավետությունը, Իրան-Հայաստան հարաբերություններում կա նաև վստահության գորոծոնը, որը մեծամասամբ ձևավորվել է պատժամիջոցների ժամանակաշրջանում` պայմանավորված Իրանի նկատմամբ Հայաստանի դիրքորոշմամբ, և պատժամիջոցների վերացումից հետո, այդ վստահությամբ պայմանավորված, հնարավոր է՝ իրականացվեն ռազմավարական ծրագրեր, ինչպիսին է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը և այլն: