Ու էլի խնդիրներ իրենց ներառական համարող որոշ «կրթօջախների» հետ…
Մեր ՀԿ մի շատ լուսավոր տղայի` Արեգի մայրը, Ալլան, մեծ ոգևորությամբ գնաց Կատինյան կենտրոն, անցավ երեխայի գնահատումն, ու հաստատեցին, որ նա կարող է սովորել ներառական դպրոցում: Ալլան ընտրեց 125 դպրոցը, որը նրան առավել հարմար է` բնակվելու տեսանկյունից:
Սակայն դպրոցում երեխային դիմավորեցին գռեհիկ ու տգետ «ներառական մասնագետներ» ու էլ ավելի տգետորեն հորդորեցին երեխային տանել հատուկ դպրոց: Տնօրենն էլ, որի անունը չեմ էլ ուզում իմանալ, ասել է, որ չնայած դպրոցը ներառական է, նման երեխաների հետ աշխատող մասնագետներ իրենք չունեն…
Այ քեզ բա՜ն…
Արդեն դիմել ենք համապատասխան մարդկանց, ու հուսամ՝ հարցը կլուծվի, բայց մի բան կավելացնեմ՝ ուղղակի որպես հատուկ կարիքներով փոքրիկի մայր. մարդ լինելու, դիմացինի խնդիրը հասկանալու, մարդու վիճակի մեջ մտնելու համար ո՛չ հատուկ կրթություն է պետք, ո՛չ էլ պաշտոն, պետք է ուղղակի մի քիչ ցանկություն և մի քիչ էլ ներքին արժեհամակարգ ունենալ:
Մանավանդ ներառական կոչվող դպրոցի տնօրենը պարտավոր է ունենալ գոնե ցանկություն, այլ ոչ թե կոտրել, վիրավորել ծնողին, որն առանց այդ էլ շա՜տ նուրբ ու բարդ ուղով է անցնում...
Իսկ թե ինչպե՞ս են նման հատկանիշներից ԼԻՈՎԻՆ ԶՈւՐԿ «մարդիկ» դառնում տնօրեններ, այն էլ ներառական դպրոցների, այ դա արդեն լուրջ հարց է… Ու վատն էլ այն է, որ ինչքա՜ն ուզում ես ասա, չե՛ն ուղղվելու, պետք է արմատախիլ անել նմաններին… Պետք է, բայց…
Տնօրեն` Լիլիթ Անտոնյան