Ըստ որոշ լրատվականների՝ պարսկական Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուն լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Հայաստանի ու Վրաստանի օգնությամբ` Քուռ գետից և Սևանա լճից ջրեր բերելով:
Այս տեղեկությունը շատ արագ տարածվեց հայ բնապահպանների շրջանում, ովքեր ասում էին, թե Սևանի ավազանի բնակիչներից ստանում են բողոքներ, որ լճի շուրջ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում և այլ:
Այնուամենայնիվ, ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն իսկ հերքել է շրջանառվող լուրերը և նշել, որ Սևանի ջրի մակարդակի բարձրացման համար մեծ ջանքեր են գործադրվում:
Բացի դա, այս թեմայի վերաբերյալ խոսել է նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իր կարծիքով՝ շատ հավանական է, որ իրանցի պատգամավորն այս ամենն ասել է իր ընտրազանգվածի համար: Պատճառն այն է, որ Ուրմիայի չորացման խնդիրը լուրջ քաղաքական շահարկումների առիթ է դարձել Պարսկաստանում: Լճի վերակենդանացման մասին խոսել էր նաև Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին:
Փաստացի, իրանցիները լիճը կորցնելու եզրին են, հետևաբար պարզ է, որ նման հայտարարություններով պաշտոնյաները փորձում են ցույց տալ, որ խնդրի լուծումն ընթացքի մեջ է:
Չմոռանանք նաև այն փաստը, որ այս հայտարարությունն արվել է պատգամավորի կողմից, իսկ դա նշանակում է, որ այն պաշտոնական լինել չի կարող:
Բնապահպաններն անգործ չմնալու համար մտածում են տարատեսակ սկանդալային թեմաներ և խրոխտ հայացքներով քննարկում դրանք: Հավանաբար վերջում էլ ասելու են, թե ճնշեցինք, իշխանություններն էլ տեղի տվեցին և այդքանով թեման կհամարեն փակված:
Կարծում եմ՝ այսօր կան բնապահպանական ավելի լուրջ խնդիրներ, որոնց մասով կարելի է լուծումներ մտածել, այլ ոչ թե «շենքում խոսում են» տեսակի հարցերը բերել ու մտցնել հանրային քննարկումների օրակարգ: