Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարությանը
(չեմ հասցեագրում նախարարին, քանի որ նախարարներն անցողիկ են)
Դուք «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրել եք ռուսաստանաբնակ մի հայի, ով օրերս Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու քարոզ է տանում:
Կարիք չկա բացատրելու, որ ակամա նսեմացրել եք մեծ հայորդու՝ Գարեգին Նժդեհի հիշատակը:
Բացի դա, երրորդ հանրապետության տարիներին չի եղել թեկուզ մեկ քաղաքական կամ պետական գործիչ, ով անգամ հեռավոր կերպով համեմատելի լիներ Նժդեհի հետ և արժանի լիներ նրա անունը կրող մեդալի արժանանալ: Սակայն մի շարք հայեր վերջին տարիներին նախարարության կողմից արժանացել են այդ պարգևին: Սա վկայում է այն մասին, որ նախարարությունը խնդիր ունի Գարեգին Նժդեհի մեծությունն ու հայրենիքի համար նրա արածը պատշաճ կերպով գնահատելու գործում: Այդ պատճառով Գարեգին Նժդեհի հիշատակի հետագա նվաստացումը բացառելու նպատակով ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ դադարեցնել այդ մեդալով պարգևատրությունները: Եթե հայ ժողովուրդը ծնի Նժդեհի հետ համեմատելի գործիչ, ապա նույն հայ ժողովուրդն էլ կգնահատի նրան ու կմեծարի, ինչպես Նժդեհին է մեծարում:
Արծրուն Պեպանյան
Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ