Դու բաց փակուղի ես, անունդ` սիրո գարուն է, ազգանունդ` քեզ նման սիրուն է: Անհնար ես դու, ինչպես աթեիստի Մեքքան, ընկեցիկի ընտանեկան մասունքը, սնանկի կտակը, կռնատի ձեռնոցը, ծովի դռնապանը, լեռան նավագնացը, անտառի մատուցողը, երկնքի քիսաչին, օձի ոտքը, հավքի պորտը, բայց սիրում եմ քեզ, ոնց որ շունը՝ տիրոջը. մեկ-մեկ գազանաբար. ոնց որ կատաղած շունը՝ խեղճացած տիրոջը, մեկ-մեկ մարդավարի, ոնց որ խեղճացած շունը՝ կատաղած տիրոջը, բայց, ընդհանուր առմամբ` հավատարմորեն ու ճարահատյալ: Ուրեմն, ես՝ շուն ու դու՝ տեր, ես՝ խաչ, դու՝ տերտեր, ես քո բնիկն եմ, դու՝ իմ տնակը, ես քո ճաշիկն եմ, դու՝ իմ պնակը, ես քո ջուրն եմ սառնորակ, դու՝ իմ անվան պուլպուլակ, դու մատանին ես, ես` կապույտ ակը՝ թռած ընկած ձեր ու մեր բակը, ես մեռելն եմ, դու`քելեխը, հոպ այ զարկե ու քելե, քելե-քելե-քելեխը: Դե, որ էդպես է, թող իտալացին սպագետի ուտի, չինացին` բրինձ, ռուսը` պիլմենի, իսկ մենք կուտենք իրար միս: Նախաճաշին կեր ոտքերս, ճաշին` սիրտս, ընթրիքին` գլուխս, ոսկորներս գիշերը թաղի, որ լուսաբացին հողի տակից ծլեմ, դուրս գամ, որովհետեւ ես մի ծիլն եմ քո ծաղկի, հետո գլխիդ կբամփեմ, որովհետեւ ես մի զարկն եմ քո բազկի, ու հիմա իմ հերթն է քեզնով սնվելու: Բայց արի ու տես, որ ես քեզնից չեմ կշտանում. դու քարքարոտ ես ու անմարսելի, իսկ ես փափուկ մսի կտոր, բկիդ չեմ կանգնի, դե էլ ի՞նչ ասեմ, կերած-խմածդ թող անուշ լինի, իմ անուշ հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել