Ուսումնասիրելով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշիռը՝ կարելի է տեսնել, որ ներմուծումն այս տարի 2,1 անգամ գերազանցում է արտահանմանը: Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալներն ավել էին 2,9 անգամ:

Այս տարվա նվազման գլխավոր պատճառն է հանդիսացել ներմուծման կրճատումը: Տարեսկզբի վեց ամիսներին արտահանման 1,3 տոկոս նվազման դիմաց ներմուծումը պակասել է 27,2 տոկոսով։ Հենց վերջինիս զգալի կրճատումն է հանգեցրել երկրի վճարային հաշվեկշռի բարելավմանը։

Թվում է, թե սա բացասական ցուցանիշ է, քանի որ ինքնին կրճատումն առաջնում է բացասական ասոցիացիա: Իրականում, այդ փոփոխությունը կարևոր է առաջին հերթին նրանով, որ նպաստավոր ազդեցություն է ունենում երկրի ֆինանսական հոսքերի վրա։ Որքան ներմուծման և արտահանման հարաբերակցությունն ի օգուտ առաջինի է, այնքան տարադրամային միջոցների արտահոսքն ավելի մեծ է։

Վերը նշված ցուցանիշը վկայում է այն մասին, որ տեղական արտադրանքի սպառումն ավելի է մեծացել: Դրա մասին է փաստում այն, որ ներմուծման 27,2 տոկոս անկման դիմաց ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է ընդամենը 5,1 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել