Սեւրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի Սեւր արվարձանում: Պայմանագրով` Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սեւ ծով ելքով: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում են Հայաստանին:

Սեւրի պայմանագիրը կնքվել է Թուրքիայի սուլթանական կառավարության եւ Առաջին աշխարհամարտում (1914–18թթ.) հաղթանակած դաշնակիցպետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հայաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, Խորվաթների եւ Սլովենների թագավորության, Հեջազի (արաբական թագավորություն) միջեւ: Հայաստանի առաջին հանրապետության կողմից պայմանագիրն ստորագրել է պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Վերջինս եւ արեւմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական եւ առեւտրական հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից` ՀՀ-ն, որպես պայմանագրի մասնակից, ճանաչել են պայմանագիրն ստորագրած մյուս բոլոր պետությունները:

Սեւրի պայմանագրի հիմքում դրվել են 1916 թվականին Լոնդոնում ստորագրված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանումը Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ) ու 1920 թվականի Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովի որոշումները: 

Պայմանագիրը բաղկացած է 13 մասից և 433 հոդվածից: Թուրքիան Հայաստանը ճանաչել է որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնել են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի վիլայեթներում (նահանգներ) 2 պետությունների միջեւ սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշմանն ու ընդունել նրա որոշումը եւ Հայաստանին դեպի ծով ելք տալու ու հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ բոլոր առաջարկները: Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ տերություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակիցները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սեւրի պայմանագրով թույլատրվել է բնակչության կամավոր փոխանակում. 18-ից բարձր տարիք ունեցող անձիք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մեկ այլ երկրում՝ իրենց ազգային կամ կրոնական պատկանելիությանը համապատասխան, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրավունքն անշարժ գույքի նկատմամբ: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թվականի օրենքը: Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունն օրենքի առաջ պետք է ապահովեր կառավարությունը: 

Պայմանագրի «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչել է դաշնակից պետությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մարդկանց:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ ելք ունենան դեպի Սեւ ծով: Դաշնակիցները բարյացակամորեն են վերաբերվել Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրն ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկել է երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռեւս հայտնի չէր Տրապիզոնի նավահանգստի՝ Հայաստանին պատկանելիության հարցը, հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորել են տարանցման արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:
ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին իր որոշումը հանձնել է եվրոպական տերություններին: Որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի եւ Բիթլիսի վիլայեթների ավելի քան կեսը, Էրզրումի վիլայեթի հիմնական մասը, Տրապիզոնի վիլայեթի արեւելյան հատվածը՝ ներառյալ համանուն քաղաքը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը 90 հզ. կմ2 էր եւ ՀՀ-ին ապահովում էր ելք դեպի Սեւ ծով:
Սեւրի պայմանագրով լուծվելու էր Անկախ եւ Միացյալ Հայաստանի ստեղծման հարցը, սակայն այն մնաց թղթի վրա: Քեմալական Թուրքիան չի ճանաչել սուլթանական Թուրքիայի ստորագրած պայմանագիրը: Քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, հասել են Սեւրի պայմանագրի վերանայմանը, իսկ 1922–23 թվականների Լոզանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում` նրա վերացմանը: Դաշնակիցները ճանաչել են Մուստաֆա Քեմալի՝ Անկարայի կառավարությունը եւ նրա իրավունքը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք Սեւրի պայմանագրով տրվելու էին Հայաստանին: Ավելին, նրանք ճանաչել են Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկել են նաեւ Արեւելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: 
Սեւրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու` հայ ժողովրդի իրավունքի մասին:

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ Հոդված 89.
Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել