Newsline.am-ը գրում է.

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցությունն առաջարկել է խստապես պատժել ներգաղթյալներին, որոնք կփորձեն վնասել Սերբիայի հետ սահմանին կառուցված արգելապատնեշը: Քաղաքական գործիչների կարծիքով` նման հանցանքի համար անհրաժեշտ է բանտ նստեցնել:

Դրա մասին հայտարարել է «Ֆիդեսի» առաջնորդ Անտալ Ռոգանը. «Ապօրինի ներգաղթյալները ոչ միայն ապօրինաբար հատում են սահմանը, այլև վնասում են հունգարական պետության սեփականությունը: «Ֆիդեսը» համապատասխան օրենքը խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի սեպտեմբերին, երբ խորհրդարանը կհավաքվի ամառային արձակուրդներից հետո»:

Օգոստոսի 6-ի գիշերը սահմանին ձերբակալվել է 18 ներգաղթյալ, որոնք կտրել էին տեղի լարափակոցները, որոնց անցկացման աշխատանքները մեկնարկել էին այս շաբաթ: 2015 թվականին Հունգարիա է ժամանել ավելի քան 110.000 ներգաղթյալ, որոնց մեծ մասը երկիր է մուտք գործել Սերբիայի տարածքից:

Հունգարական ոստիկանությունը յուրաքանչյուր օր որսում է մոտ 1500 ներգաղթյալի, որոնք փորձում են հատել սահմանը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է, որ բանակը մինչև օգոստոսի վերջ կավարտի Սերբիայի հետ սահմանին 4 մետր բարձրություն ունեցող սահմանային պատի կառուցումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել