Մուգ դարչնագույն կաշեփոկը ձգվեց:
Հասկացավ, որ պետք է կանգնել, հասկացավ, որ լուսակիրի կարմիր գույն է վառված:
Երբեք չէր տեսել կարմիր գույն, շատ անգամ էր լսել, բայց տեսնե՜լ…
Կարմիր գլխա՜րկ…
Կարմիր արև՜…
Կարմիր երազնե՜ր…
Կարմիր կայծա՛կ…սրա մասին ինքն էր հորինել՝ դա այն կայծակն է որ հարվածում է ճակատագրով նախատեսված կայծակից կուրացած մարդկանց մասին:
Անցնող մեքենաների հռնդյունից որոշեց, որ արագությունները մոտ 65-70 կմ-ժամ են:
Փողոցի անցումը բազմամարդ էր ու ոչ ոք ոչ մի ձայն չհանեց:
Ո՛չ մեկը չմոտեցավ նույնիսկ այն ժամանակ, երբ լուսակիրը անցավ կանաչ գույնի:

Չարացե՜լ է մարդկությունը, ինչի՞ց, ինչո՞ւ համար, բայց դա կարևոր չէ, կարևորը որ այդ պահին ձախ սրունքին զգաց փափուկ մի հպում:
Հասկանալի՜ էր, պետք է քայլ անել ձախ ոտքով:
Քայլ արեց, զգաց մուգ դարչնագույն կաշեփոկի դեպի աջ ձգվելը, հետո ուղի՜ղ, հետո դանդա՜ղ…
Շունն անվրեպ նրան անցկացրեց, նույնիսկ հասկացնելով շրջանցել փողոցի ջրափոսերը:
Երկու ոտքերին միաժամանակ զգաց փափուկ հպում, հասկացավ, որ հասել է մայթ ու պետք է ոտքը բարձրացնի…

Մարդիկ չարացե՞լ են, անտարբե՞ր են դարձել, ո՜չ, անսպասելի լսվեցին այդ տեսարանին հետևող մարդկանց ծափահարությունները…
Ո՞ւմ էին ծափահարում, անհասկանալի էր.
Իրենց փոխարեն գործը կատարող շա՞նը թե՞ հենց իրենց, որ չխանգարեցին տղային անցնելու անցումը…

Ծափահարե՛ք մարդիկ, որ այսօր լուռ մնացիք, հեռու կանգնած:
Ծափահարե՛ք մարդիկ, որ լուռ կմնաք վաղը՝ անտարբեր շրջապատին:
Ծափահարե՛ք մարդիկ, որ վաղը չէ մյուս օրը կկարդաք էլեկտրական սյուներին փակցված հայտարարությունը՝
«Գողացել են ուղեկցող շանս, Խնդրում եմ օգնեք գտնելու…»
Ծափահարե՜ք…

Լո՛ւռ մնացեք մարդիկ – 
Գողացե՛լ են աչքե՜րս,
Գողացե՛լ են կյա՜նքս
Գողացե՛լ են տեղաշարժվելու հնարավորությո՜ւնս…
Գողացել են Ձե՜զ – ծափահարե՛ք…լո՜ւռ…հոտնկա՜յս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել