Ադրբեջանի նախագահի խոսքերն ինձ հիշեցնում են թուրքական մարտակոչ: Ադրբեջան պետությունը (Թուրքիայի հետ համատեղ) իր հասարակությանն ու արտաքին աշխարհին նախապատրաստում է նոր հայկական ցեղասպանության: Կարծում եմ՝ մենք չենք գիտակցում դա ու չենք պատրաստվում: Ո՞վ կարող է ասել, որ գիտի, թե ինչ է անելու, երբ ռմբակոծվի իր բնակավայրը, ո՞վ կարող է ասել, որ գիտի, թե ինչ է անելու պատերազմի առաջին օրերին: Անհատական մակարդակում գուցե ինչ-որ գաղափարներ ունենանք, բայց համակարգային որևէ գործողություններ ծրագրից տեղյակ չենք:
Ազատամարտիներից մեկը պատմեց, որ պատերազմի շրջանում ՀՀ-ում մի պահ շատ ծանր մթնոլորտ էր, որովհետև մոռգերում տեղ չկար, իսկ հիմա լինելո՞ւ է: Ըստ որոշ հաշվարկների՝ հնարավոր պատերազմի դեպքում առաջին հինգ օրում մի քանի հազար զոհեր ենք ունենալու: Մենք պատրա՞ստ ենք դրան, մեր լրատվամիջոցները պատրա՞ստ են, մեր մոռգերը պատրա՞ստ են դրան: Վստահ եմ, որ ոչ:
Ենթադրենք, որ մենք վստահ ենք մեր բանակի վրա, դրա համար մեր կյանքը նվիրել ենք զվարճանքներին, դրա համար մեդիաները մեծամասամբ զբաղված են հասարակության դեգրադացմամբ ու փող շինելով, դրա համար քաղաքական ուժերը գզվռտվոցից բացի հետարքրվում են մենակ փող շինելով, դրա համար երիտասարդների արժեքային համակարգն սկսվում ու ավարտվում է շքեղ մեքենայով ու շքեղ բջջայինով: Իսկ եթե մի տոկոս հավանականություն կա, որ կկարողանան ճեղքել մեր պաշտպանությունը, մենք գիտակցո՞ւմ ենք դրա արդյունքները: Չենք գիտակցում, ոնց որ 1914 չէինք գիտակցում, թե ինչ է սպասվում մեզ: Ես չեմ պնդում, որ պարտադիր նույնն է կրկնվելու, խոսքս կոլեկտիվ մակարդակում զգոնության բթացման մասին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: