
Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ժամանակավորապես դաշնակցական գործիչ: Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ` Կյուզնուտ) գյուղում:

Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում՝ ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ-ին վերադառնում է Կովկաս։
Զինվորական գործունեությունը
1907-1908թթ մտնում է Հ.Յ.Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ-ին վերադառնում էԿովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
.jpg)
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։
1918թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառիպեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։


Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ոչ մի կերպ չարձագանգեց։
Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ավելին, 1920թ.-ի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛1920թ.-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու Գնդեվազը և անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսիձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։
1923 թ.-ին, լինելով Բուխարեստում, Նժդեհը տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։
1924-1925թթ.-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։
1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։
1933 թվականի ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։
«Ցեղակրոն» շարժումը
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։
1935թ-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը... աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոնշարժումը և այն դարձնել համագաղութային։»
1937թ.-ին Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։
1937թ.-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։
Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938թթ.-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնականշարժումը։
1938-1939թթ-ին լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։


1944թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։
1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։
Ձերբակալությունն ու մահը
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։ 1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա» որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունէության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։
1948-1952թթ-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչև 1953 թվականի ամառը՝ Երևանի բանտում։ Նժդեհի երկրորդ անգամ Երևանբերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել և այն մնաց որպես միայն փաստաթուղթ։
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։
.jpg)
Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992 թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/11/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել