Կանանց խումբը մտավ Վանաձորի տնակային թաղամասերից մեկը։ Չորս կողմը աղքատություն էր, գարշահոտություն ու անտանելի պայմաններ։ Չորս կողմը սառած, անկյանք հայացքներով մարդիկ էին։ Մի 60–ին մոտ կին ուրվականի նման քայլեց դեպի մեքենան, կանգնեց, մի պահ սառած անկենդան հայացքով նայեց մեքենայում նստածներին, հետո նորից լողալով վերադարձավ իր տնակ կոչվածի մոտ, պպզեց, հենվեց պատին ու հայացքը մի կետի հառած անշարժացավ։
Երիտասարդ ամրակազմ տղամարդը փողոցից–փողոց կրնկակոխ հետևում էր կանանց խմբին, ցանկանալով պարզել, թե արդյոք օգնություն է բերածները։
Այստեղ–այնտեղ գզգզված, նույնքան անկենդան հայացքներով մանուկներ էին կանգնած։
Երբ մեքենան կանգ առավ ու նրա թափքը բացվեց, վայրկենական հայտնվեցին կանայք երեխաների հետ միասին, ու շրջապատեցին մեքենան։ Մեկը մյուսից առաջ ընկնելով ու մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին պատմել իրենց չարքաշ կյանքի մասին։ Ամեն մեկը իր դարդը ու իր ցավն էր պատմում։ Հետո սկսեցին իրենց անուններով ու հեռախոսահամարներով թղթեր խոթել կանանց գրպանները։ Ամեն մեկը փորձում էր ապացուցել, որ ինքը ավելի աղքատ է քան իր կողքին կանգնածը։
Երևանից ժամանած կանայք աշխատեցին բոլորին ինչ որ բանով բավարարել։
Հետո կռիվ սկսվեց թաղամասի երիտասարդ տղաների միջև, վեճը թեժացավ, վերածվեց քաշքշոցի, «Դու ինձնից հարուստ ես ու չպետք է ոչինչ ստանաս», « Ձեր տան տղամարդը Ռուսաստանում է, մերի նման հաշմանդամ չէ», «Դուք մեզ նման սոված չեք», «Հերիք է, մեր օգնությունը ձեզնով անեք» և այլ նմանատիպ նախատինքներ հնչեցնելով միմյանց նկատմամբ։
Գարշահոտության ու հակահիգիենիկ պայմաններում երեք մանկահասակ երեխաներ մեծացնող կինը մեզ դիմավորեց իր տանը ասելով, «Ձեզ Աստվածա ուղարկել, երեխեքս էլ չէին դիմանում, էսօր դեռ հաց չեն կերել»։ Մինչդեռ արդեն երեկո էր։
Երբ նրան հարցրեցին, թե արդյոք դիմել է որևէ տեղ, արդյոք փորձել է պաշտպանել իր երեք զավակների ապրելու իրավունքը, պատասխանեց, «Դե, հիմա, էդ մարդը ինչ՞ մեղք ունի, որ հնարավորություն չունի մեզ օգնելու»։ Պարզվեց «էդ մարդը» սերժն էր...
Կանանցից մեկը նրան հարցրեց, «Իսկ ընտրություններին որքան՞ բերեցին բաժանեցին ձեզ»։ Պատասխանեց, «Իրանք չբերին, Էս վերևը դոմիկ կա, բերին էդտեղ, ամուսինս ու բոլորը գնացին ստացան»։
Հետո, այդ նույն կինը մինչև Երևան հասնելս, անդադար զանգում էր ինձ, ու համոզում, որ օգնությունը սխալ ենք բաժանել, ու աղքատների հետ միասին, հարուստների էլ ենք ինչ որ բան տվել, ու որ դա անարդար է։ Երբ հարցնում էի, «հարուստ ասելով, ինչ ես՞ հասկանում», պատասխանում էր, «իրա ամուսինը խոպանում է, հաշմանդամ չէ իմիս նման» կամ «ինքը աղջիկ ունի, որ աշխատում է» կամ «ինքը սիրած ունի, իրան ինչի՞ օգնեցիք»։ Ես հասկացա, որ այդ խայտառակ աղքատության, գարշահոտության, խարխուլ, հակահիգիենիկ կենսապայմաններում գտնվողների միջև էլ կա «հարուստ ու աղքատ» տարբերակումը, որ Գետտոն իր օրենքներն ունի ու հարուստը միայն նա չէ, ով Բենթլի է քշում, ով վիլլաներ ունի, այլ հարուստը նա է, ում երեխան օրը մի անգամ սնվում է, ով սիրած ունի կամ էլ ինչ որ տեղ օրը հազար կամ երկու հազար վաստակող բարեկամ...
Օգնեք, ազատվեմ այս մղձավանջից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10207046936793991?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել